Լոնդոնի «Արսենալը» մրցաշրջանը կավարտի առանց տիտղոսի: Արսեն Վենգերի թիմը ձախողվեց նաև Եվրոպա լիգայի խաղարկությունում՝ կիսաեզրափակչի պատասխան խաղում Մադրիդում 1:0 հաշվով զիջելով «Ատլետիկոյին»: Հիշեցնենք, որ այս թիմերի միջև Լոնդոնում տեղի ունեցած մրցավեճն ավարտվել էր 1:1 հաշվով: Ընդ որում, այս խաղի 8-րդ րոպեից «Ատլետիկոն» խաղացել էր 10 ֆուտբոլիստներով: Երկու հանդիպումներում էլ «Արսենալը» ճնշում էր մրցակցին: Թե Լոնդոնում և թե Մադրիդում «Արսենալն» ուներ բազմաթիվ իրական գոլային պահեր, բայց…
Այնպիսի տպավորություն էր՝ կարծես անգլիական թիմը խաղում էր առանց հարձակվողի: Թվում էր, թե առաջին հանդիպումից հետո Արսեն Վենգերը կգնա տակտիկական փոփոխությունների: Ի զարմանս երկրպագուների և փորձագետների՝ «Արսենալը» խաղաց նույն՝ բութ ֆուտբոլը: Երկու հանդիպումների ընթացքում 180 րոպե «Արսենալի» ֆուտբոլիստները փորձում էին եզրերից տուգանային հրապարակ կատարած փոխանցումներով եզրափակել գրոհները: Այո, միակ գոլը ձախ եզրից կատարված փոխանցումից հետո հեղինակել էր Ալեքսանդր Լակազետը: Բայց դա չի նշանակում, որ թիմը պետք է խաղա միայն А տարբերակով:
Նշենք, որ նման մարտավարությամբ խաղալու համար անհրաժեշտ է ունենալ ուժեղ եզրային պաշտպաններ և երկրորդ հարկում հաջող խաղացող գոնե մեկ հարձակվող: «Արսենալի» եզրային վինգերներ Բելերինն ու Մոնրեալն ուղղակի պատրաստ չեն գործել ետ-առաջ սխեմայով: Նրանց կատարած փոխանցումների 80 տոկոսը անհասցե էր: Ավելին, այս պաշտպանները չէին հասցնում ժամանակին նահանջել, ինչի հետևանքով մրցակիցը շարունակ սուր հակագրոհներ էր ձեռնարկում: Տակտիկական այս մարտավարությունը «Ատլետիկոյի» ֆուտբոլիստների համար ուղղակի նվեր էր: Առանց լուրջ ջանքեր գործադրելու «Ատլետիկոն» հասավ ցանկալի արդյունքի: Խաղի վերջնամասում «Արսենալը» նմանվել էր փալասի: Ֆուտբոլիստներն ուղղակի ուժ չունեին գրոհներ ձեռնարկելու:
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին Վենգերը խաղադաշտ դուրս բերեց հանդիպման 68-րդ րոպեին: Մեր ֆուտբոլիստը զգալի աշխուժացրեց խաղը և ուներ դարպասը գրավելու հնարավորություն: Շատերը կարծում են, որ Մխիթարյանի՝ ողջ հանդիպմանը մասնակցելու դեպքում «Արսենալը» կարող էր դրական արդյունքի հասնել: Կարծում ենք՝ ակնհայտ է, որ Մխիթարյանն «Արսենալի» առանցքային ֆիգուրներից է, և եթե խնդիրներ չլինեին, Վենգերը նրան խաղադաշտ դուրս կբերեր հենց առաջին րոպեից: Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մրցավեճում հայ ֆուտբոլիստը կրկին հարված էր ստացել ծնկին, և նրա մասնակցությունն «Ատլետիկոյի» հետ խաղում մեծ հարցականի տակ էր: Ըստ ամենայնի, Մխիթարյանը պատրաստ է եղել խաղալ միայն 30-40 րոպե, և ֆրանսիացի մասնագետը հայ կիսապաշտպանին խնայել էր հենց հանդիպման վերջնամասի համար:
Ամբողջությամբ՝ 1in.am