Գնդապետ Դանիելյանի գործողություններն անհասկանալի են. ֆինանսական խնդիրներ չունեցող անձն ինչո՞ւ է դիմել ավազակային հարձակման
Advertisement 1000 x 90

Գնդապետ Դանիելյանի գործողություններն անհասկանալի են. ֆինանսական խնդիրներ չունեցող անձն ինչո՞ւ է դիմել ավազակային հարձակման

Մայիսի 3-ին HSBC բանկի «Կոմիտաս» մասնաճյուղի վրա կատարված զինված ավազակային հարձակման, երկու անձի սպանության, ևս մեկի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանի կողմից նման քայլի դիմելու պատճառներն անհասկանալի են:

«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցներում գնդապետի ծանոթները, ովքեր դրական են արտահայտվում Դանիելյանի մասին, զարմացած են, կատարվածը դժվարությամբ են մեկնաբանում:

Նրանք նշում են, որ Դանիելյանի ընտանիքն ապահովված է եղել, նորմալ ապրել են, կինն ու դուստրը մեքենաներ ունեն, վերանորոգված և կահավորված գեղեցիկ տուն: Թեև վարկեր ևս ունեցել է. «Բայց այսօր բոլորը գրեթե վարկ ունեն»,- նշում էին գնդապետի ծանոթները:

Մեզ հայտնի դարձավ նաև, որ Դանիել Դանիելյանի ընտանիքը վերջերս է վերադարձել Դուբայից, որտեղ մեկնել էին իրենց հանգիստն անցկացնելու նպատակով:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ բանկից ավազակային հարձակում կատարելուց հետո պարզվել է, որ հափշտակվել է տարբեր արտարժույթի թղթադրամներ՝ 79.200.000 ՀՀ դրամ, 110.000 ԱՄՆ դոլար, 39.690 եվրո, 242.240 ՌԴ ռուբլի, 2.980 կանադական դոլար, 200 ավստրալիական դոլար և 700 ՄԱԷ դիրհամ:

Զինված և դիմակավորված հափշտակություն կատարելուց հետո գնդապետը փախուստի է դիմել, սակայն նրան չի հաջողվել հեռու գնալ, արագորեն վնասազերծել են, իսկ հափշտակված գումարը թափվել էր դեպքի վայրում:

Նշեն նաև, որ Դանիելյանի կողմից կարաբինից կրակելու հետևանքով սպանվել է հիշյալ մասնաճյուղում իր ծառայողական պարտականություններն իրականացնող անվտանգության աշխատակից Խաչատուր Գալստյանը, ինչից հետո նա դանակով հարվածել է անվտանգության մյուս աշխատակցին` Արամ Մկրտչյանին և բանկից հափշտակված գումարով փորձել է փախուստի դիմել, սակայն այդ ամենից հետո էլ կարաբինից կրակել է նաև իրեն հետապնդող` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան Արա Շախգուլյանի ուղղությամբ, ինչի հետևանքով նա ևս մահացել է:

Նշենք նաև, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 8-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Դանիելյանը ձերբակալված է քննությունը վարում է Հատուկ քննչական ծառայությունը:

pastinfo.am