«Շենգավիթ» ԲԿ-ի բժիշկներ Շուշանիկ Բախշյանի և Անի Բաբելյանի գործով առաջիկա դատական նիստում ճառերով հանդես կգա պաշտպանական կողմը:
Իսկ մինչ այդ նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի, ճառով հանդես է եկել մեղադրող դատախազը՝ միջնորդելով Շուշանիկ Բախշյանին դատապարտել 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, 3 տարի ժամկետով բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունքի զրկմամբ, իսկ ամբաստանյալ Անի Բաբելյանին դատապարտել 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, նույնքան ժամկետով էլ բժշկական գործունեության իրավունքի զրկմամբ:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբան Մարինե Թովմասյանն էլ իր ճառում միջնորդել է ամբաստանյալ բժիշկներին մեղավոր ճանաչել և դատապարտել առավելագույն պատժի:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 31-ին:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Շուշանիկ Բախշյանը, աշխատելով «Շենգավիթ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում՝ որպես մանկաբարձ-գինեկոլոգ, հանդիսանալով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձ, 2015թ. փետրվարի 11-ից հաշվառման է վերցրել և վարել Մերի Վաղինակի Մարգարյանի հղիությունը:
Բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու ժամանակ պարտավոր լինելով Մերի Մարգարյանին ցուցաբերել անհետաձգելի, առաջին բժշկական օգնություն՝ անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի և այլ հանգամանքների առկայությունից, ինչպես նաև՝ ապահովել ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման քանակական և որակական բնութագրիչների համապատասխանությունը սահմանված չափանիշներին, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի՝ Մերի Մարգարյանի, այնուհետև` նորածնի մահը:
Գործով մեղադրանք է առաջադրվել նաև Նույն ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Անի Բաբելյանին: Վերջինս 2015թ. հուլիսի 25-ին բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու ժամանակ պարտավոր լինելով Մերի Մարգարյանին ցուցաբերել անհետաձգելի, առաջին բժշկական օգնություն` անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի և այլ հանգամանքների առկայությունից, ինչպես նաև՝ ապահովել ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման քանակական և որակական բնութագրիչների համապատասխանությունը սահմանված չափանիշներին, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի` Մերի Մարգարյանի, այնուհետև` նորածնի մահը:
Ամբողջությամբ՝ pastinfo.am