ՀՀ ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել մայիսի 3-ին HSBC բանկի վրա ավազակային հարձակման դեպքից:
Դեպքի հետևանքով զոհվել էին Ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանը և «Արմոբիլ» անվտանգության ծառայության պահնորդ Խաչատուր Գալստյանը:
Մայիսի 3-ին ժամը 14:25-ի սահմաններում Ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ HSBC բանկի Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում գտնվող մասնաճյուղում ավազակային հարձակում է կատարվել: Դանակով, նռնակով, հրացանով զինված մի տղամարդ ներխուժել է բանկ: Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ պարզեցին, որ նախնական տվյալներով տղամարդը ներս մտնելուց հետո կրակել է առաստաղին ու փող պահանջել: Բանկի անվտանգության աշխատակիցները փորձել են վնասազերծել տղամարդուն: Այդ ընթացքում հարձակվողը մարմնական վնասվածք է հասցրել նրանց, անվտանգության ծառայության պահնորդ Խաչատուր Գալստյանը մահացել է:
Այնուհետև ավազակային հարձակում կատարած անձը գումար է հափշտակել ու դիմել փախուստի, սակայն նրան հեռու փախչել չի հաջողվել: Արաբկիրում ծառայություն կատարող պարեկապահակային ծառայության գնդի ոստիկանները արագ հասել են դեպքի վայր ու հետապնդել փախչողին: Այդ ընթացքում ավազակային հարձակում կատարած անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ: Ոստիկաններից մեկը հրազենային վիրավորում է ստացել, մյուսը շարունակել է հետապնդել հանցագործին: Նրան էին միացել դեպքի վայր հասած ոստիկանության այլ ստորաբաժանումների օպերատիվ խմբերը, որոնք քաղաքացիների օգնությամբ բռնել են տղամարդուն ու վնասազերծել:
Վնասազերծված տղամարդը բերման է ենթարկել Ոստիկանության Արաբկիրի բաժին: Պարզվել է, որ հանցագործություն կատարած անձը Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերման կենտրոնի պետ, Ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյան է, ով Ոստիկանության համակարգում է 1992 թվականից: Հրազենը, նռնակը, դանակն ու հափշտակված գումարը փաթեթավորվել և ուղարկվել է փորձաքննության:
Վիրահատության ժամանակ մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված պարեկային ոստիկանը: