Արմեն Սարգսյանը վարչապետի ընտրությանը քաղաքական ուժերից խոհեմություն և հեռատեսություն է ակնկալում
Advertisement 1000 x 90

Արմեն Սարգսյանը վարչապետի ընտրությանը քաղաքական ուժերից խոհեմություն և հեռատեսություն է ակնկալում

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 7-ին ուղերձ է հղել՝ կապված մայիսի 8-ին ՀՀ Ազգային ժողովում կայանալիք վարչապետի ընտրության երկրորդ փուլի հետ: Ուղերձում ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

Վաղը Ազգային ժողովում տեղի է ունենալու Հայաստանի վարչապետի ընտրության երկրորդ փուլը:

Պահը բեկումնային է և պատասխանատու Հայաստանի ապագայի համար: Բոլորս՝ առաջին հերթի քաղաքական պատասխանատուները, ինչպես նաև մեր ողջ ժողովուրդը Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում, պետք է այս գիտակցումով գնահատենք իրավիճակը և կատարենք մեր քայլերը:

Եթե ուզում ենք այս վիճակից դուրս գալ շահած, իսկ մենք պարտավոր ենք շահած դուրս գալ, խնամքով պետք է հունի մեջ դնենք այն վիթխարի եռանդը, որ մեր հասարակությունը կուտակել է այս օրերին, և պահպանենք այն վարկը, որ Հայաստանը համաժողովրդական շարժման շնորհիվ ձեռք է բերել միջազգային հանրության առջև:

Ակնկալում ենք, որ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերը որոշումներ ընդունելիս կդրսևորեն առավելագույն խոհեմություն և հեռատեսություն և կառաջնորդվեն հասարակության բարօրության ու համազգային շահերով:

Համոզված եմ, որ բոլոր հարցերը հնարավոր է լուծել ազգային համաձայնության ոգով:

Մեր ժողովուրդն այս է սպասում իր քաղաքական պատասխանատուներից:
Վստահ եմ, որ հանրօգուտ լուծման շնորհիվ Հայաստանում կստեղծվի հանրային վստահության մթնոլորտ, և մեր քաղաքացիները, համայն հայության հետ միասին, կլծվեն Մայր Հայրենիքի վերաշինման գործին:

Ուրեմն ի գործ՝ հանուն Նոր Հայաստանի»:



Նման նյութեր