Երեք բան, որ Գլենդելի քաղաքապետը կփոխեր Հայաստանում, եթե լիներ վարչապետ. civilnet.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Երեք բան, որ Գլենդելի քաղաքապետը կփոխեր Հայաստանում, եթե լիներ վարչապետ. civilnet.am

Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ հարցազրույցում խոսել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, Թավշյա հեղափոխության և անելիքների մասին։

Հարցին, թե ի՞նչ երեք բան կփոխեր ինքը, եթե լիներ Հայաստանի վարչապետ, Սինանյանն ասել է․

Առաջինը արդարադատության համակարգի ֆունդամենտալ փոփոխություն կանեի, որովհետև մեր հայրենակիցների արտագաղթի հիմնական պատճառը տնտեսական չէ, համենայն դեպս՝ վերջին չորս-հինգ տարվա ընթացքում տնտեսական չէ։ Մարդիկ հեռանում են արդարության պակասի պատճառով։ Առանց արդարադատության մարդիկ հեռանալու են, մարդիկ չեն հավատալու իրենց ապագային, որևէ մեկը ներդրում չի անելու Հայաստանում։ Այսինիքն՝ արդարադատության այդ պակասը, վակումը իր հետևից բերում է ամենավատ հետևանքները, որոնք կործանարար են պետության համար։

Երկրորդ, արտաքին գործերի նախարարությունում լուրջ վերափոխումներ պետք է տեղի ունենան։ Ես մի օրինակ բերեմ, որ հասկանաք։ Լոս Անջելեսում մենք ունենք գլխավոր հյուպատոս՝ պարոն Սարկիսովը։ Երկու ամիս առաջ խոսում էի նախկին հյուպատոսի հետ՝ պարոն Վալերի Մկրտումյանի հետ։ Հարցրի՝ Սարկիսովին ես չեմ տեսել, կարծես մի երեք-չորս տարի չեմ տեսել։ Նա ասաց․ «Ես ինքս երկու տարի չեմ տեսել»։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ Լոս Անջելեսում, որտեղ կես միլիոնի չափ հայ է ապրում, կենտրոնացած են աստղաբաշխական ֆինանսական կարողություններ, մարդկային ռեսուրսներ, գիտական, արվեստի․․․ ինչ մտքներով անցնի, և այդտեղ գլխավոր հյուպատոս է ուղարկվել մի մարդ, որը պարզապես իր տեղում չէ։ Ֆիզիկապես իր տեղում չէ։ Հայերեն չգիտի։ Ես նրան չեմ քննադատում, քննադատում եմ այն մարդկանց, որ նրան նշանակել են գլխավոր հյուպատոս Կալիֆոռնիա նահանգում, ԱՄՆ ամբողջ արևմտյան ափին։ Այսպիսի իրավիճակ է տիրում Հայաստանի արտգործնախարարությունում։ Դուք պատկերացրեք՝ մյուս բնագավառներում որքան սարսափելի է վիճակը։

Երրորդը տնտեսական մենաշնորհները պետք է ոչնչացնել։ Դա պետք է անել արագ՝ աներկբայորեն, առանց որևէ մեկի հետ երկար-բարակ բանակցելու՝ «այլևս մենաշնորհ չկա, և վերջ»։ Նիկոլ Փաշինյանը, որ դարձավ շարժման առաջնորդը, ցույց է տվել, որ ինքը կարողանում է այդպես։ Օրինակ՝ տարրական հարցերը կարողանում է այդպես լուծել։ Ասում է ժամը 11-ին փակեք ամբողջ երկրի փողոցները, մարդիկ փակում են։ Ասում է՝ 4-ին բացեք, որ ժողովուրդը հասնի հանրահավաքին․․․ Նույն մանդատով, քաղաքական նույն հեղինակությամբ պետք է մենաշնորհները կործանել։ Մի օրվա մեջ, և վերջ։

civilnet.am