Մեծ Բրիտանիայի բնակիչների կեսն այն կարծիքին է, որ հենց իրենց երկիրն է վճռական դեր խաղացել Երրորդ Ռայխի տապալման գործում: Ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, այդ մասին վկայում են YouGov Հասարակական կարծիքի ինստիտուտի կողմից անցկացված հարցման արդյունքները:
Պատասխանելով այն հարցին, թե որ պետությունն է առավել մեծ չափով նպաստել Ադոլֆ Հիտլերի ռեժիմի տապալմանը, բրիտանացիների 50 տոկոսը նշել է իրենց երկիրը, 13 տոկոսը՝ ԽՍՀՄ-ը, 9 տոկոսը՝ ԱՄՆ-ը, 4 տոկոսն ընտրել են «ուրիշներ» տարբերակը, իսկ 24 տոկոսն ընդհանրապես դժվարացել է պատասխանել: YouGov-ը համանման հարցում է անցկացրել Ֆրանսիայում, Գերմանիայում ու ԱՄՆ-ում և պարզել, որ հարցմանը մասնակցած բրիտանացիների կարծիքը կիսում է միայն այդ երկրների բնակիչների 7-11 տոկոսը: Իսկ ամենակարևոր դերը, նրանց կարծիքով, խաղացել է Միացյալ Նահանգները (այդպես են կարծում ֆրանսիացիների 56 տոկոսը, ամերիկացիների 47 տոկոսը և գերմանացիների 34 տոկոսը): Սակայն Գերմանիայի բնակիչների 22 տոկոսը, այնուամենայնիվ, այն տեսակետն ունի, որ ֆաշիստական ռեժիմի տապալման համար աշխարհը պարտական է ԽՍՀՄ-ին: