Փաստորեն, Բաղրամյան 26 մուտք գործելով Նիկոլ Փաշինյանն իր հետ ներս տարավ նաեւ ժողովրդին։ Բառացիորեն երկու րոպե առաջ նա ուղիղ կապ հաստատեց ՀՀ նախկին նախագահի նստավայրից եւ ցուցադրեց իր աշխատասենյակը, հարակից սենյակները եւ երկու խոսքով տեղեկացրեց երեկոյան ժամերին իր՝ որպես ՀՀ վարչապետի ունեցած մի քանի պաշտոնյաների հետ հանդիպումների եւ դրանց արդյունքների մասին։
2017 թ․ խորհրդարանական ընտրությունների ժամանակվանից այս ուղիղ կապի ավանդույթը 2018-ի ապրիլին շարունակվում էր հեղափոխական շարժումն ավելի հոծ դարձնելու եւ հաղթանակը դրանով ապահովելու համար։
Հիմա որպես վարչապետ այդ ուղիղ կապի իմաստը դարձյալ միասին խնդիրները լուծելու ուղերձ ունի՝ միասին սկսել ենք, միասին էլ ավարտին պետք է հասցնենք։ Այնպես որ, հավանաբար սա տեղեկությունները առաջին ձեռքից ստանալու հնարավորություն է, ինչպես սովորական քաղաքացիների, այնպես էլ ԶԼՄ-ների համար։
Հանրության հետ հաղորդակցվելու այս կրեատիվ միջոցի կիրառումը շարունակվում է։
2017-ի մարտ-ապրիլին հնչող “Ելք կա” քարոզչականչը (որը մի կողմից նշանակում էր, որ քաղաքական դաշտում կա Ելք-ը որպես խմբակցություն, իսկ մյուս կողմից, որ՝ ոչ, կա ելք իրավիճակից դուրս գալու, որ ճիշտ չէ, թե մեկ է բան չի փոխվելու) ունեցավ իր շարունակությունը։ Դա 2018-ի “քայլ արա”-ն էր։ Իրավիճակը հաղթահարելու ելքը քայլ անելն էր։ Քայլ արա, եւ կտեսնես, որ բան կփոխվի։ Քանի որ միասնական կամքն ու դրա դրսեւորումը հզոր ուժ են։ Նիկոլ Փաշինյանն այսօր ունի մեծ կապիտալ, դա հանրության վստահությունն է, եւ այն պահելու համար նա պետք է մնա միշտ կապի մեջ այդ իսկ հանրության հետ։ Նա կարող է թույլ տալ իրեն նման շռայլություն, քանի որ հասել է իշխանության բոլորի աչքի առաջ, առանց այն բազմանշանակ “ներհանրային” նուրբ ու խճճված բալանսների։ Բալանս, որը թույլ էր տալիս հայաստանյան նախկինում գործող իշխանություններին նախ ստանալ այն, ապա նաեւ պահել։ Այնքան ժամանակ, քանի դեռ այդ բալանսը չի խախտվել։ Ահա թե որն է հայկական հեղափոխության հեղափոխականությունը։
Եվ եթե այս ավանդույթը շարունակվի, չնայած ապագայում ծագող տարբեր դժվարություններին, իսկ դրանք հաստատ ծագելու են, ապա կարող ենք վստահաբար ասել, որ հայկական թավիշն իսկապես ուրիշ հիմքի վրա է հյուսվել, հիմնովին այլ բան է նշանակում, քան մեր իմացած բոլոր նախկին քաղաքական թավիշները մյուս երկրներում։