Հայտնի ռուսաստանցի կինոռեժիսորը հավատում է, որ առողջ դատողությունը կհաղթի, և Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները նույնը կմնան։
Մինչև Հայաստանում նոր վարչապետ էին ընտրում, Sputnik Արմենիայի թղթակիցը Ռուսաստանի մայրաքաղաքում հանդիպել է հայտնի կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանի հետ։ Խոսքն, իհարկե, եղել է Երևանում տիրող իրավիճակի մասին։
«Ցանկացած փողոցային հեղափոխություն վախեցնում է, որովհետև դա էվոլյուցիոն գործընթաց չէ։ Աշխարհի բոլոր երկրներում հեղափոխությունների փորձն ամենահաջողը չէ, այլ ավելի շուտ վտանգավոր է։ Բայց պետք է հասկանալ, թե ինչի պատճառով է առաջացել վտանգը։ Կարելի է շատ երկար ուշադրություն չդարձնել, որ հանրապետությունում անհավանական բաներ են տեղի ունենում։ Համարել, որ ոչ ոք դուրս չի գա փողոցներ և չի վրդովվի։ Պետք է նաև հասկանալ ժողովրդին, որին դու ղեկավարում ես։ Այո, մարդիկ կհեռանան, կհեռանան, կհեռանան, բայց մի օր կասեն` «Բավական է»։ Ուրեմն ինչու՞ հասցնել այդ «սահմանին»»,- կարծում է Քեոսայանը։
Չնայած նրան, որ ռեժիսորն ապրում ու աշխատում է Մոսկվայում, նա ուշադիր հետևում է իր հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններին և ստեղծված իրավիճակի մասին գիտի ոչ թե լուրերով, այլ, ինչպես ինքն է ասում, ընկերների շնորհիվ՝ ներսից։ Գիտի, թե ինչի մասին է խոսում, բայց կարծում է, որ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ իրավունք չունի դատողություններ անել Հայաստանում իշխանափոխության մասին։
«Ես կարծում եմ, որ դա կոռեկտ չէ։ Ես երազում եմ միայն մի բանի մասին, որպեսզի այդ հուզումներն անարյուն ավարտվեն, ինչպես դա տեղի է ունեցել մինչև օրս։ Թեև ես որոշակի անհանգստություն ունեմ ապագայի համար։ Հռչակագիրը հռչակագիր, բայց ես հիշում եմ, թե ինչի մասին է խոսել Փաշինյանը 2-3 տարի առաջ»,- ասում է Քեոսայանը։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am