Զինծառայող Լևոն Թորոսյանի հարազատները պնդում են, որ նա ինքնասպանություն չի գործել, նրան սպանել են. news.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Զինծառայող Լևոն Թորոսյանի հարազատները պնդում են, որ նա ինքնասպանություն չի գործել, նրան սպանել են. news.am

Մայիսի 6-ին հրազենային վիրավորումից մահացած 19-ամյա զինծառայող Լևոն Թորոսյանի հարազատներ չեն հավատում, որ զինծառայողն ինքնասպանություն է գործել: NEWS.am-ի հետ զրույցում մահացած զինծառայողի հորեղբայրը՝ Արմեն Թորոսյանը պնդում է, որ Լևոնին դաժանաբար ծեծել են, այնուհետև սպանել:

«Դատական բժիշկը ֆիքսել է, որ ներքին օրգանները վնասված են եղել, թևերի վրա կապտուկներ կան, այսինքն բութ գորրծիքով հարվածներ են հասցրել, թուլացրել են տղային, այնուհետև նստեցրել են քարին, զենքը դրել են ոտքերի արանքը, իբր թե ինքնասպանություն է կատարել: Տենց էլ ավտոմատը կրակվել է, ու ինքը նույն դիրքով նստած մնացել է, ինչը հնարավոր չէր, ինքը նստած տեղից կընկներ: Մեր կարծիքով սպանել են Լևոնին, հետո բերել իր խրամատի խորշում նստեցրել են և այդ ձևով նրան գտել են»,- ասաց հորեղբայրը:

Նրա խոսքով՝ Լևոնը հաղթանդամ էր և նրան ծեծողը, հավանաբար մենակ չի գործել, այլ խմբով:

Արմեն Թորոսյանը նշեց, որ իրենք պայքարելու են, որ գործով բոլոր մեղավորները հայտնաբերվեն և պատժվեն. «Մեր փորձագետը դատաբժշկի հետ բոլոր վնասվածքները ֆիքսել է, մենք այդ փաստաթուղթը ունենք և պայքարելու ենք, որ ճշմարտությունը պարզվի»:

Մահացած զինծառայողի հորեղբայրը պատմեց, որ դեպքի օրը Լևոնը զանգել է ծնողներին, խոսել է նրանց հետ,  տրամադրությունը լավ է եղել, ոչնչից չի նեղվել ու ընտանիքի անդամներից ոչ մեկ չի հավատում, որ Լևոնն ընդունակ էր ինքնասպանության:

«Մենք չենք հավատում, որ մեր տղան կարող էր նման քայլի գնար, քանի որ ամեն ինչ նորմալ էր, ընկերուհի ուներ, առողջական խնդիրները չուներ, հոգեպես կայուն էր: Էդ մի տղան էր տան, տան ճրագն էր, 2 քույր ունի՝ մեկը 18, մյուսը 3 տարեկան»,- ասաց նա:

Նշենք, որ մայիսի 6-ին, ժամը 07.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Լևոն Արսենի Թորոսյանի (ծնված 1999թ., 2017-2 զորակոչ, Արմավիրի ԶԿ) դին՝ գլխի շրջանում ստացած մահացու հրազենային գնդակային վիրավորումով:

Վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը):

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ` զինծառայողի մահվան բոլոր հանգամանքները պարզելու, հնարավոր վարկածներն ստուգելու ուղղությամբ:

NEWS.am-ը պարզել էր, որ Լևոն Թորոսյանը Արմավիր մարզի Բամբակաշատ գյուղից էր, տան միակ արու զավակը: Մահացած զինծառայողն ունի իրենից փոքր 2 քույր, ընտանիքն էլ սոցիալապես անապահով է: Մահացածի ծնողները  աշխատանք չունեն, զբաղվում են հողագործությամբ:

news.am