Որոշ քաղաքագետների կարծիքով՝ տեսանելի ապագայում ԼՂ-ն կարող է վերադառնալ բանակցային սեղանի շուրջ. azatutyun.am
Advertisement 1000 x 90

Որոշ քաղաքագետների կարծիքով՝ տեսանելի ապագայում ԼՂ-ն կարող է վերադառնալ բանակցային սեղանի շուրջ. azatutyun.am

Հայաստանցի որոշ քաղաքագետներ կարևորում են, որ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին այցը հենց Լեռնային Ղարաբաղ կատարեց։

Հովհաննես Իգիթյանի կարծիքով` վարչապետի այդ քայլը պատասխան էր մայիսի 1-ին խորհրդարանում հանրապետական պատգամավորների կասկածներին, թե Փաշինյանը ղարաբաղյան հարցում բանակցել չի կարող։

Երեկ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակՀայաստանի վարչապետը հայտարարեց, որ ջանքեր է գործադրելու՝ Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու համար։

Քաղաքագետ Հովհաննես Իգիթյանի համոզմամբ, Լեռնային Ղարաբաղը բանակցային կողմ դարձնելու հնարավորություն Փաշինյանն ավելի շատ ունի, քան իր նախորդները։

«Որովհետև Քոչարյանը գտնում էր, որ ինքը լինելով Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ կարող է ներկայացնել երկու կողմերի շահերը և տեսակետները։ Իհարկե առաջին փուլում դժվար կլինի, բայց արդեն այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը կարող է առանձին տողով, առանձին ձևով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի տեսակետը, որպես առաջին փուլում, դա ինձ թվում է դրական կլինի։ Իսկ հետագայում, իհարկե, պետք է օգտագործվի այդ թեզը՝ հաշվի առնելով, որ Մինսկի խմբի ստեղծման ժամանակ հենց այս ֆորմատով էր ընթանում՝ Լեռնային Ղարաբաղը մասնակցում էր որպես կողմ», – «Ազատության» հետ զրույցում ասաց Իգիթյանը։

Հիշեցնենք՝ Լեռնային Ղարաբաղը բանակցություններից դուրս մնաց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման օրոք։

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը վստահ է, որ Հայաստանի հետևողական քաղաքականության շնորհիվ, տեսանելի ապագայում Լեռնային Ղարաբաղը կարող է վերադառնալ բանակցային սեղանի շուրջ։

«Նախորդ իշխանությունները ջանքեր չէին գործադրում, մենակ խոսում էին դրա մասին։ Դա մեծ տարբերություն է։ Ասում էին՝ «այո՛, ճիշտ է», բայց գործը չեն արել, ու գիտե՞ք դրանում ինչ վտանգ կա: Այո՛, որ Դուք հիմա ասում եք՝ «բա հիմա ո՞նց կստացվի», այո՛, հիմա կստացվի, չեմ ասում մի օրում կստացվի, քանի որ, եթե կոնկրետ քայլեր անում ես, ի վերջո հաջողության կհասնես»,- ասաց Գրիգորյանը։

azatutyun.am