ՀՀ-ում բացվել է անհնարինն իրականություն դարձնելու ժամանակաշրջան և ԱԱԾ-ն պետք է դառնա այդ գործընթացի հենասյուներից մեկը. Նիկոլ Փաշինյան
Advertisement 1000 x 90

ՀՀ-ում բացվել է անհնարինն իրականություն դարձնելու ժամանակաշրջան և ԱԱԾ-ն պետք է դառնա այդ գործընթացի հենասյուներից մեկը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին է ներկայացրել ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանին: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Իր խոսքում վարչապետը ձևակերպել է այն խնդիրները, որոնք առաջիկայում պետք է դառնան ԱԱԾ գործունեության առաջնահերթությունները:

«Առաջին խնդիրը հակահետախուզության լրջագույն փոփոխություններն են, որպեսզի այն լրջագույնս ուժեղանա: Ընդհանրապես, հետախուզության ոլորտը պետք է բերել որակական նոր հարթության և մակարդակի վրա՝ մեր երկրի ազգային անվտանգության շահերն ապահովելու համար: Հաջորդը, որ ես ուզում եմ ընդգծել, կոռուպցիայի դեմ պայքարն է: Այսօր մենք, ըստ էության, Հայաստանի Հանրապետությունում չունենք կոռուպցիայի դեմ պայքարի ունիվերսալ մարմին: Կարծում եմ, որ այդ գործառույթը պետք է իրականացնի Ազգային անվտանգության ծառայությունը: Խնդիրը շատ հստակ է՝ Հայաստանում կոռուպցիոն, կլանային որոշումներ կայացնող, կաշառք վերցնող որևէ պաշտոնյա գիշերը չպետք է հանգիստ քնի՝ անկախ նրանից, թե ինչ մակարդակի պաշտոնյա է, որովհետև կոռուպցիան այն «քաղցկեղն» է, որը երկար տարիներ քամում է Հայաստանի կենսական նյութերը: Հայաստանի Հանրապետությունում բացվել է անհնարինն իրականություն դարձնելու ժամանակաշրջան, և ես կարծում եմ, որ ազգային անվտանգության ծառայությունը պետք է դառնա այդ գործընթացի հենասյուներից մեկը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ԱԱԾ-ն, մյուս մարմինների հետ համագործակցելով, պետք է բացառի մաքսային չարաշահումները, մաքսանենգությունը:

«Եվ ընդհանրապես՝ մաքսային ոլորտում պետք է հասնել այնպիսի իրավիճակի, որ այն դառնա գործարարության զարգացմանը նպաստող և ոչ թե խոչընդոտող գործոն: Ազգային անվտանգության ծառայությունը պետք է դադարի լինել քաղաքական հակառակորդներին հետապնդելու գործիք, որովհետև մենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ նոր էջ ենք բացում և պետք է կարողանանք ապահովել համերաշխության մթնոլորտ, պահպանենք այն լավատեսությունը, որն այսօր առկա է Հայաստանի քաղաքացիների և, ընդհանրապես, հայ ժողովրդի շրջանում՝ ապահովելով օրենքի առաջ բոլորի հավասարությունը և մարդու իրավունքների պաշտպանվածությունը»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանին և համակարգի աշխատակիցներին՝ ներքաղաքական վերջին զարգացումների ժամանակաշրջանում առավելագույնն անելու համար:

«Ամբողջ աշխարհն, առանց չափազանցության, զարմացած է և հիացած, թե ինչպես քաղաքական պրոցեսները, փոփոխությունները տեղի ունեցան առանց մի կաթիլ արյան, ըստ էության, առանց լուրջ բախումների, առանց զոհերի, և ընդհանրապես, այդ ինչպես պատահեց, որ քաղաքական փոփոխություններից հետո երկրում տիրում է ոչ թե վրեժխնդրության, այլ սիրո և համերաշխության մթնոլորտ: Համոզված եմ, որ այս պրոցեսում մեզնից յուրաքանչյուրն ունի իր ներդրումը և ԱԱԾ ներդրումն ամենևին էլ երկրորդական չէ»,- շեշտել է վարչապետը:

Նշելով, որ ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանը համակարգում նոր մարդ չէ՝  Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ նա ԱԱԾ-ն կհամախմբի ձևակերպված և օրենքով վերապահված նպատակների և խնդիրների իրականացման շուրջ, ընդհանրապես, ԱԱԾ-ն ժողովուրդը կսկսի ընկալել ոչ թե մի մարմնի, որից պետք է վախենալ, այլ մի մարմնի, որն ապահովում է Հայաստանի Հանրապետության, նրա ժողովրդի անվտանգությունը:

Գեորգի Կուտոյանը շնորհավորել է ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանին և վստահություն հայտնել, որ նրա գործունեությունը միտված կլինի ազգային անվտանգության համակարգի հետևողական ամրապնդմանը:

Իր հերթին, Արթուր Վանեցյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին՝ վստահության համար և հավաստիացրել, որ ԱԱԾ-ն կանի ամեն ինչ՝  քաղաքացիների ակնկալիքներն ադարացնելու համար:

Նիկոլ Փաշինյանը համակարգի ներկայացուցիչներին մաղթել է բարի ծառայություն և բարի երթ:

«Ընդհանուր առմամբ, մեր ռազմավարական միտումը պետք է լինի հետևյալը. մենք պետք է պահպանենք այսօր երկրում առկա ազգային միասնության մթնոլորտը: Դա չի նշանակում, որ բոլորս ամեն ինչի մասին պետք է միակերպ մտածենք: Սա նշանակում է, որ պետք է ունենանք մեկ առաջնահերթություն՝ բոլորիս գործողությունները պետք է միտված լինեն Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և հայ ժողովրդի զարգացմանը: Սա առանց բացառության բոլորիս համար պատմական հնարավորություն է և մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք այն արդյունավետ օգտագործելու համար: Մենք մեր պատմության ընթացքում հաճախ ենք պատմական հնարավորություններ բաց թողել և բոլորիս խնդիրն է, որպեսզի այս անգամ այդպես չլինի, և ես համոզված եմ, որ այդպես չի լինի նաև ձեր ծառայության շնորհիվ»,- եզրափակել է վարչապետը:



Նման նյութեր