ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանն իր ընտանիքում միակը չէ, ով պաշտոնյա է: 39-ամյա Վանեցյանը գրանցված է Երևանի Բաղրամյան փողոցում՝ հոր՝ Գագիկ Վանեցյանի և մոր՝ Մարգարիտ Ազարյանի հետ: Սոցիալական կայքերում առկա նկարներից կարող ենք դատել, որ նա Նիկոլ Փաշինյանի հիմնադրած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանի մերձավորներից է:
Պատահական չէ, որ Ա. Վանեցյանի կենսագրությունն առաջինը հենց Սիմոնյանի araratnews.am կայքը հրապարակեց: Ըստ այդմ՝ գնդապետ Վանեցյանը մինչև ԱԱԾ տնօրեն նշանակվելը՝ 2016-2018 թթ., եղել է ծառայության Երևանի քաղաքային վարչության պետի տեղակալը: Դրանից առաջ էլ՝ սկսած 2000 թվից, աշխատել է ազգային անվտանգության համակարգում:
Արթուր Վանեցյանի պաշտոնյա մայրը
61-ամյա Մարգարիտ Ազարյանը 2002-2011 թթ. եղել է քաղծառայության խորհրդի անդամ: 2011-ին նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետ: ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ է նաև:
«Հանրային ծառայության մասին» օրենքում 2017-ի ամռանը կատարվել են փոփոխություններ, որոնց համաձայն՝ հայտարարագիր ներկայացնելու պարտավորության շրջանակը ընդլայնվել է՝ ընդգրկելով ոչ միայն բարձրաստիճան պաշտոնատար անձանց: Այսպիսով՝ նախագահականի կադրերի վարչության պետ Մ. Ազարյանը նույնպես ընդգրկվել է հայտարարատու պաշտոնատար անձանց ցուցակում:
Մ. Ազարյանի հետ, վերոնշյալ օրենքի պահանջով, հայտարարագիր է ներկայացրել նաև նրա ամուսինը՝ Գագիկ Վանեցյանը, ով համարվում է ընտանիքի կազմի մեջ մտնող անձ: Օրենքի համաձայն՝ այդպիսին համարվում է նաև հայտարարատու պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվող յուրաքանչյուր անձը, ով, փաստորեն, պարտավոր է ներկայացնել հայտարարագիր, մյուս կողմից՝ Արթուր Վանեցյանը ծնողների հետ նույն հասցեում է հաշվառված, բայց հայտարարագիր չի ներկայացրել: Կարելի է ենթադրել, որ չնայած հաշվառմանը, ԱԱԾ նոր տնօրենն առանձին է ապրում:
2017-ի սեպտեմբերին, օրենքի փոփոխությամբ պայմանավորված, Մ. Ազարյանը ներկայացրել է պաշտոնի ստանձնման հայտարարագիր, չնայած, ինչպես ասվեց, կադրերի վարչության պետ է նշանակվել դեռ 2011-ին:
Ազարյանը հայտարարագրել է մեկական բնակարան, անհատական բնակելի տուն և հողամաս: Շարժական գույք, արժեթղթեր կամ ներդրումներ, 8 մլն դրամը գերազանցող թանկարժեք գույք չի նշել:
Փոխարենը, նախագահականի աշխատակիցն անցյալ տարվա սեպտեմբերի դրությամբ ունեցել է 25 մլն դրամ և 15 հազ. դոլար: 2017-ի հունվար-հուլիս ամիսների համար հայտարարագրել է շուրջ 3,6 մլն դրամ աշխատավարձ, ինչպես նաև քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացած 476 հազ. դրամ եկամուտ:
Այս տարվա մարտին տիկին Ազարյանը ներկայացրել է արդեն 2017-ի տարեկան հայտարարագիրը: Ըստ այդմ՝ անշարժ ու շարժական գույքի որեւէ գործարք նա չի կատարել անցյալ տարի: Փոխարենը փոխառության է հանձնել շուրջ 5,9 մլն դրամ:
Նախորդ հայտարարագրի տվյալների համեմատ՝ աճել են դրամական միջոցները՝ 25 մլն-ից դառնալով 30 մլն: 15 հազ. դոլարը չի փոփոխվել: 2017-ի ընթացքում Մ. Ազարյանը ստացել է 7,7 մլն դրամ աշխատավարձ, նույն ընթացքում քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացել է ավելի քան 1 մլն դրամ եկամուտ, ինչպես նաև վերցրել է փոխառություն (վարկ) մոտ 4,5 մլն դրամի չափով:
ԱԱԾ տնօրենի գործարար հայրը
Մարգարիտ Ազարյանի հետ այս տարվա մարտին 2017-ի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիր է ներկայացրել նաև ամուսինը՝ Գագիկ Լիպարիտի Վանեցյանը:
Վերջինիս համար անցյալ տարին գործարքների առումով բավական բեղուն է եղել: ԱԱԾ տնօրենի հայրը գնել է 2 հատ անհատական բնակելի տուն՝ 48 մլն և 198 մլն դրամ արժեքներով: Գ. Վանեցյանը 22 մլն դրամով գնել է նաև «Mercedez-Benz C200» մակնիշի ավտոմեքենա:
Ըստ էության, վերոնշյալ գործարքներով պայմանավորված, տարվա սկզբին նրա ունեցած 420 մլն դրամը տարեվերջին դարձել է 372 մլն: Սակայն Գ. Վանեցյանը աշխատում է և եկամուտ ստանում: 2017-ին նրա աշխատավարձը կազմել է 1,2 մլն դրամ, որից բացի ստացել է նաև շահաբաժին՝ 474 մլն դրամի չափով:
64-ամյա Գագիկ Վանեցյանը ներգրավված է բիզնեսում:
Նոնա Վանեցյան. ԱԻՆ-ից՝ մանկավարժություն
Արթուր Վանեցյանի կինը՝ 36-ամյա Նոնա Նիկողոսի Վանեցյանը, մոր՝ Ժանետա Մկոյանի հետ գրանցված է Երևանի Կոմիտասի պողոտայում: Ն. Վանեցյանը և նրա ամուսինը վերջինիս նշանակումից քիչ անց ջնջեցին իրենց էջերը սոցիալական ցանցերում, սակայն օգտատերերին հաջողվեց որոշ մանրամասներ ճշտել մինչ այդ, բացի դրանից՝ համացանցում պահպանված լուրերը մանրամասներ են փոխանցում Ն. Վանեցյանի մասին:
Մասնավորապես, 2015-ին տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը Ն. Վանեցյանին նշանակել էր իր խորհրդական, մեկ այլ աղբյուրից էլ տեղեկանում ենք, որ Վանեցյանը եղել է նաև ԱԻՆ-ի ներկայացուցիչը արտասահմանյան երկրներում, միջազգային կազմակերպություններում և պետական մարմիններում:
Անցյալ տարի Երևանի Դեմիրճյան 62 հասցեում Ն. Վանեցյանը բացել է «Վիլլա Մոնտեսսորի» կենտրոնը:
Վերջինս, ինչպես ամբողջ աշխարհում այս անունը կրող մյուս կենտրոնները, զբաղվում է մանկավարժական գործունեությամբ՝ հիմքում ունենալով իտալացի բժիշկ, հոգեբան, մանկավարժ Մարիա Մոնտեսսորիի մեթոդաբանությունը: Կենտրոնն առաջարկում է նախադպրոցական երեխաների ուսուցում, դասապատրաստում դպրոցականների հետ, ինչպես նաեւ խմբակային ու անհատական պարապմունքներ տարբեր առարկաներից:
Դեմիրճյան 62 հասցեն, ինչպես տեղեկանում ենք կադաստրի պետական կոմիտեից, ներառում է 3 միավոր շենք-շինություն, այդ թվում՝ բնակելի տուն և ավտոտնակ: Այս ամենի սեփականատերը, ԱԱԾ տնօրենի հայրն է՝ Գագիկ Վանեցյանը, սակայն շենքը անհատույց օգտագործման է հանձնված Նոնա Վանեցյանի «Յանգ ուսումնական կենտրոն» ՍՊԸ-ին:
Վերջինս հիմնադրվել է 2017-ի մարտին, գրանցվել է հենց այս հասցեում, գործունեության տեսակն էլ նախադպրոցական կրթությունն է: Տակավին վերջերս՝ ապրիլի 6-ին, Դեմիրճյան 62-ում Ն. Վանեցյանը գրանցել է «Հայաստանի Մոնտեսսորի Ասոցիացիա» ՀԿ-ն, որում ներգրավված է նաև նրա մայրը՝ Ժանետա Մկոյանը: ՀԿ-ի ստեղծումից օրեր առաջ էլ՝ մարտի վերջին, Ժ. Մկոյանը հիմնադրել է «Վիլլա Մոնտեսսորի» ՍՊԸ-ն:
Վերադառնալով Դեմիրճյան 62-ին՝ նշենք, որ շենք-շինությունները, համաձայն կադաստրի, գրավադրված են «Ամերիաբանկում»: Բանկի անունով գրավի 2 իրավունք է ձևակերպված: Այս առումով, թերեւս, արժե հիշել, որ անցյալ տարի Գ. Վանեցյանի կինը՝ Մարգարիտ Ազարյանը, ինչպես գրել էր հայտարարագրում, 4,5 մլն դրամի փոխառություն է վերցրել:
Ամբողջությամբ՝ hetq.am