Կարպիս Եսայանի հրապարակումը Ստյոպա Սաֆարյանի էջում.
«Այս վերջին օրերին տարբեր ընկերների (Էդիկ Բաղդասարյան, Սերգեյ Դանիելյան ու այլք) գրառումների տակ ծավալվող քննարկումներին հետևելով մեկ ուզում, մեկ չէի ուզում առանձին անդրադառնալ, բայց նայելով որոշ դեպքերում հետհեղափոխական փսիխոզը, ստիպված եմ դա անել.
1. Մի պաշտպանեք Նիկոլ Փաշինյանին ու նրա կառավարությանը, եթե նրա վրա հարձակվող չի եղել, առավել ևս դուք ոչ թե պաշտպանում եք նրան, այլ խայտառակում,
2. Եթե անգամ կա քննադատություն այս կամ այն քայլի, հիշեք, որ Նիկոլ Փաշինյանը հենց ժամանակին ամենասուր, ամենակրքոտ, ամենաարտառոց եղանակներով արտահայտվող քննադատներից մեկն է եղել նախկին/հեռացող իշխանությունների, և եթե հեռացող իշխանություններին կարելի էր սուր քննադատել, իսկ ապագա կառավարություններին՝ ոչ, ապա ուրեմն վատ տեղ ենք հասել ու այդպիսով նախկին իշխանություններին ավելի լավ լույսի տակ եք դնում ձեր այդպիսի վարքագծով,
3. ամեն օր նայում ու հիանում ենք, թե որքան է փոխվել նախկինում մեր իմացած Նիկոլ Փաշինյանը, որքան շրջահայաց, իմաստուն, հանդուրժող, վենդետաների բացառումից խոսող /երբ ինքը շատերից ամենալուրջ պատճառներն ուներ վրեժխնդիր լինելու իրեն պատճառած զրկանքների համար/, մինչդեռ տխրում ես, որ տակից ինչ-որ անհասկանալի դեմքեր շարունակում են չարություն ժայթքել ու թունավորել մթնոլորտը, որը պետք է բարիանա,
4. Ի վերջո սովորեք գրագետ, կիրթ, արիստոկրատ ձևով արտահայտել ձեր վերաբերմունքը այն բաներին, որոնց հետ համաձայն չեք, որոնք ձեզ դուր չեն գալիս, մտքերը շարադրելու հազար ու մի եղանակ կա, որոնք կարող են չառնչվել անձնական վիրավորանք հասցնելուն, հայհոյելուն, գռեհկաբանությանը և այլ անցանկալի դրսևորումներին,
5. եթե գտնում եք, որ բոլորին հիացրած հեղափոխությունը կարող է տապալվել ստատուսներից, գրառումներից ու այլ անհատական կարծիքներից ու հումորներից, ուրեմն վատ բան եք ասում՝ որ հեղափոխությունը ծնվել է մահացած, ինչի հետ համաձայն չենք,
6. Եթե կառավարության քայլերը հազար ու մի մեկնաբանությունների ու վարկածների տեղ է թողնում, ուրմեն պետք է հուշել կառավարությանը, որ աշխատի իր քայլերի հանրային ընկալելության ու բացատրության ուղղությամբ, այլ ոչ թե հարձակվել տարբեր գնահատականների վրա:
7. Այս կառավարության հաջողությունը նոր Հայաստանի փորձությունն է, ու դժավր թե առաջադեմ, մտածող որևէ մարդ ցանկանա նրա տապալումը,
8. Վերջ տվեք որևէ գործիչի վկայի ու փաստաբանի դերում հանդես գալը, հեղափոխությունը դրա համար չէր ու դրա համար չէ ողջունվել:
9. Վերջում ամեն ինչ լավ է լինելու, միայն թե մնալու են ձեր տգեղագույն դրսևորումները: Մի արեք:»