SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ոստիկանության Բերդի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գագիկ Դալլաքյանի գլխավորությամբ, ինչպես նաև Արծվաբերդի գյուղապետ Օնիկ Բալյանի ու մի խումբ գյուղացիների հետ ողջ գիշեր որոնողական աշխատանքներ են կատարել, որպեսզի հայտնաբերեն նույն գյուղի բնակիչ՝ 53-ամյա Մանվել Ասրյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու գյուղացիները նրան հայտնաբերել են գյուղի ծայրամասում գտնվող, չբնակեցվող կիսակառույց շինությունում և երբ փորձել են մոտենան նրան, նա դիմել է փախուստի։ Փախուստի ժամանակ նա սայթաքել և ընկել է ձորը, որից հետո ինքնավնասում է արել։ Այս պահին Բերդի հիվանդանոցի բժիշկները ժամանել են դեպքի վայր և նրան բուժօգնություն են ցուցաբերում, որից հետո տեղափոխելու են Բերդի բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Մ. Ասրյանը կասկածվում է երեկ՝ մայիսի 11-ին, 49-ամյա կնոջը առանձնակի դաժանությամբ սպանելու մեջ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ մայիսի 11-ին, առանձնակի դաժանության սպանություն էր տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Արծվաբերդ գյուղի ամբուլատորիայի բժիշկների հերթապահ խումբը ահազանգել էր ոստիկանության Բերդի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել են Արծվաբերդ գյուղ, որտեղ տան նկուղային հարկի լոգարանում հայտնաբերել են կնոջ դի:
Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Բերդի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գագիկ Դալլաքյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև ոստիկանության Տավուշի մարզյաին վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոտիկանապետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հունան Գարանյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածը նույն գյուղի բնակիչ, 49-ամյա Մարինե Բեկյանն էր, ով դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացել էր դանակի մի քանի հարվածներից, մասնավորապես, առանձնակի դաժանությամբ կտրվել էր պարանոցը:
Փաստի առթիվ Հ. Գարանյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր, օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկաններն ու քննիչները որոնում էին սպանվածի ամուսնուն՝ 53-ամյա Մանվել Ասրյանին և, ըստ տեղեկությունների՝ դրդապատճառը եղել էր այն, որ մի քանի օր առաջ տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն էր տեղի ունեցել և մի քանի անձանց ներկայությամբ ամուսինը հայտարարել էր, որ միևնույն է՝ կնոջը մորթելու է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: