Մալթայի միջազգային երաժշտական փառատոնից հետո, որտեղ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությունն արժանացավ երաժշտագետների և արտասահմանյան մամուլի բարձրագույն գնահատանքին, սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ելույթ կունենա Ռիգայի՝ ջութակի և թավջութակի միջազգային փառատոն-մրցույթի շրջանակում:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից, Սմբատյանը մայիսի 13-ին կղեկավարի Լատվիայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը։ Որպես մենակատար հանդես կգա մեր ժամանակների լավագույն ջութակահարներից Գայ Բրաունսթեյնը։
Վերջինս Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի պատմության մեջ ամենաերիտասարդ կոնցերտմայստերն է, ով 12 տարի այս հեղինակավոր կոլեկտիվում նվագելուց հետո սկսեց մենակատարի կարիերան։ Այժմ նա աշխարհի լավագույն նվագախմբերի հետ հանդես է գալիս հեղինակավոր բեմերում։
Ռիգայում կայանալիք համերգային ծրագրում ներառված են Պյոտր Չայկովսկու, Լյուդվիգ վան Բեթհովենի, Ալեքսեյ Շորի ստեղծագործություններից։
Համերգը կկայանա բալթյան հնագույն կառույցներից մեկում՝ Ռիգայի Great Guild միջնադարյան շինության դահլիճում։
Ռիգայում կայանալիք ելույթից հետո դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ եվրոպական շրջագայությունների կմեկնի Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Ելույթները կկայանան մայիսի 19-31-ը Մալթայում, Ավստրիայում և Գերմանիայում։