ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրով՝ Արտակ Զենյալյանը նշանակվել է Արդարադատության նախարար:
Նորանշանակ նախարարի կենսագրությունը
Արտակ Հայկազի Զեյնալյան (սեպտեմբերի 9, 1969, Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), կուսակցական-քաղաքական գործիչ, ՀՀ արդարադատության նախարար, Հանրապետություն կուսակցության անդամ, ՀՀ Փաստաբանների պալատի պատվավոր անդամ (2009), Արցախյան պատերազմի մասնակից:
Տիրապետում է հայերենին, ֆրանսերենին, ռուսերենին։
Կենսագրություն
Ծնվել է 1969 թվականի սեպտեմբերի 9-ին Երևանում
1990-1997 թվականներին կամավոր մասնակցել է Հայաստանի և Արցախի սահմանների պաշտպանությանը՝ Նիկոլ-Դուման երկրապահ կամավորական ջոկատի կազմում, 1992 թվականին վիրավորվել է՝ կորցրել է ոտքը
2001 թվականին դարձել «Հանրապետություն» կուսակցության հիմնադիր անդամ, կուսակցության քաղաքական խորհրդի անդամ և կենտրոնական գրասենյակի աշխատակազմի ղեկավար
Աշխատանքային գործունեություն
1998-2001 թվականներին աշխատել է ՀՀ առողջապահության նախարարությունում՝ նախարարի տեղակալի պաշտոնում
2000-2001 թվականներին ղեկավարել է «Ժողովրդագրական-Առողջապահական Հետազոտություն» ծրագիրը, որը իրականացվում էր ՀՀ առողջապահության նախարարության և ԱՄՆ «MAKRO internacional inc.» կազմակերպության հետ համատեղ:
2001 թվականից «Տանիք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ու «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության հասարակական խորհրդի» անդամ է:
2003 թվականից «Իրավաբաններն ընդդեմ խոշտանգման» իրավապաշտման հասարակական կազմակերպության անդամ է:
2004 թվականին ԱՄՆ Պետական դեպարտամենտի «Միջազգային այցելուների» ծրագրի շրջանակներում մասնակցել է ԱՄՆ նախագահական ընտրարշավին:
2010 թվականին նշանակվել է Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի Գիտավերլուծական կենտրոնի Սահմանադրական արդարադատության հարցերի հանձնաժողովի նախագահ:
2010 թվականին դասավանդում է՝ ՀՀ Փաստաբանների դպրոցում և ՀՀ Փաստաբանների պալատում:
2011 թվականին դարձել է «Իրավունքի գերակայություն» իրավապաշտման հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ:
2015 թվականին դարձել է մի շարք իրավապաշտպանների կողմից հիմնադրված «Արդարություն խմբի» անդամ:
2016 թվականից «Ադրբեջանի Հանրապետության կողմից ռազմական միջամտության հետևանքով Արցախի և Հայաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանություն» ծրագրի համակարգող է:
Ինչպես նշված է Արտակ Զեյնալյանի պաշտոնական կենսագրության մեջ, հեղինակել (համահեղինակ) և իրականացրել է տասնյակ նախադեպային դատական ակտերի հիմքում ընկած «ստրատեգիական դատավարություններ», այդ թվում՝ ՀՀ Սահմանադրական դատարանի, շուրջ 50 որոշումների հիմքում ընկած դիմումներ, ՄԻԵԴ ներկայացված և ընթացքում գտնվող ավելի քան 450 գանգատների հեղինակ ու համահեղինակ է:
2018 թվականի մայիսի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Արտակ Զեյնալյանին նշանակել է արդարադատության նախարար[2]։
Ընտանիք
Ամուսնացած է, ունի չորս զավակ և մեկ թոռ:
Պարգևներ
ՀՀ նախագահի հրամանագրով արժանացել է «Արիության համար» մեդալի:
Արժանացել է բազմաթիվ կառավարական, գերատեսչական, գերատեսչական-միջազգային և ոչ կառավարական կազմակերպությունների տարբեր պարգևատրումների, պատվոգրերի, շնորհակալագրերի, այդ թվում`
2011 թվականին արժանացել է Ամալյա Կոստանյանի անվան մրցանակին` սկզբունքային ու խիզախ գործունեության և քաղաքացիական հասարակության զարգացման գործում նշանակալի ներդրման համար:
Տեղեկատվության ազատության մրցանակաբաշխության ժյուրիի կողմից ճանաչվել է 2006 թվականին տեղեկատվություն ստանալու իրավունքը լավագույնս կիրառած քաղաքացի, իսկ 2013 թվականին տեղեկատվության ազատության խախտված իրավունքի համար ամենահամառ ու հետևողական պայքարող իրավապաշտպանը և արժանացել է Ոսկե բանալի մրցանակների:
2009 թվականին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը Արտակ Զեյնալյանին շնորհել է «Պալատի պատվավոր անդամի» կոչումը՝ իրավապաշտպան գործունեության բնագավառում մեծ վաստակի համար:
2014 թվականին արաժանացել է «2014 թվականի Համընհանուր իրավունքների մրցանակին»՝ Հայաստանում արևմտյան մի շարք երկրների դեսպանությունների և ԵԱՀԿ-ի գրասենյակի կողմից մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նշանակալից ջանքերի համար:
2016 թվականին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից արժանացել է «Տարվա իրավապաշտպան» տիտղոսին: