Հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանի գրառումը facebook-ի իր էջում. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում սփյուռքյան պալատ ստեղծելու նախաձեռնությունն, իմ կարծիքով՝ ոչինչ չի տա Հայաստանին, բայց շատ արագ կքայքայի Սփյուռքը։ Դրա փոխարեն՝ շահագրգիռ քննարկումներ անցկացնելով՝ պետք է արդիականացնել սփյուռքյան կազմակերպվածքն՝ այնտեղ եւս ասպարեզ հրավիրելով երիտասարդներին։
(Ակտիվ սփյուռքի միջին տարիքն այս պահին՝ մեղավորիս հաշվարկներով, 70 է։)
Գոնե ես, որ Սփյուռքի հետ շփման երկարամյա փորձ ունեմ, չեմ պատկերացնում ընտրության որեւէ մեխանիզմ, որը կբավարարի բոլորին։ Իսկ եթե բոլորին չբավարարեց, պառակտման եւ ներհամայնքային հակամարտությունների նոր առիթ կլինի։
Սփյուռքի հետ հարաբերությունների երկու եղանակ կա։ Առաջինը՝ բոլորին հրավիրել Հայաստան՝ մշտական բնակության, եւ տալ քաղաքացիություն, ինչը, հասկանալի պատճառներով, անհնար է։ Նաեւ ցանկալի չէ, որովհետեւ բոլորին Հայաստան տեղափոխելով (?), կվերացնենք հայկական շատ կարեւոր մի հաստատութենություն (ինստիտուցիա):
Երկրորդը՝ նպաստել Սփյուռքի ինքնակազմակերպման մեխանիզմների փոփոխությանն ու արդիականացմանը, ինչը շատ դժվար է, բայց անհնար չէ։ Անհնար չէ, եթե նախաձեռնությունը կամ լավ բան անելու մղումը կուսակցական ծրագրից տեղափոխվի քննարկումների դաշտ։
Բազմաթիվ բանիմաց մարդիկ կան սփյուռքում, որոնք կարող են շատ օգտակար լինել այս քննարկումներում։