Դերասանուհի Անի Պետրոսյանին այս շրջանում հեռուստադիտողը տեսնում է «Շանթ հեռուստաընկերության «Սահմանին 2» և Հանրային հեռուստաընկերության «Ճակատագրի պատասխանը» ֆիլմաշարերում: Երկու նախագծերն էլ շոշափում են կարևոր թեմաներ՝ առաջին դեպքում հայկական բանակին է անդրադարձ արվում, երկրորդ դեպքում՝ արտագաղթին:
Life.panorama.am-ը այս երկու նախագծերում իր մասնակցության մասին է զրուցել Անի Պետրոսյանի հետ:
«Երկու հեռուստանովելների արդյունքը այժմ տեսնում եք հեռուստաէկրանին։ Պիտի նշեմ, որ երկու դեպքում էլ հաճույքով եմ աշխատել, երկուսն էլ հետաքրքիր ստեղծագործական աշխատանք էին ինձ համար»,- զրույցի սկզբում պատմեց Անին և նախագծերին անդրադարձավ առանձնաբար:
««Սահմանին» հեռուստսերիալը նկարահանվել է դեռ անցած տարի։ Հրավերը ստացել եմ ռեժիսոր Ռոման Մուշեղյանից։ Երբեք նման կերպարում հանդես չէի եկել, հետևաբար հետաքրքրեց առաջարկն ու համաձայնեցի։ Սա յուօրինակ նախագիծ է և այսօրվա եթերում՝ իր տեսակով եզակի»,- նշեց Անին:
Այստեղ դերասանուհին ներկայացնում է մի կնոջ, ում ամուսինը զինվորական է: Իր հերոսուհին ոչ մի կերպ չի համակերպվում ամուսնու աշխատանքի, օրերով տանից բացակայելու հետ, նա մի քանի անգամ տեսել է, թե ինչպես է ամուսինը մահից փրկվում, և հիմա փորձում է ամուսնուն հետ պահել իր մասնագիտությունից: Հարցին, թե համաձա՞յն է իր հերոսուհու տեսակի և մտածելակերպի հետ, Անին պատասխանեց.
«Ես միշտ իմ հերոսուհիների հետ համաձայն եմ, հակառակ դեպքում նրանց մարմնավորել չի ստացվի: Եվ հետո, հեռուստանովելը դեռ ընթացքի մեջ է, ավել բան ասել այս պահին չեմ կարող»:
Խոսելով «Ճակատագրի պատասխանը» հեռուստասերիալի մասին՝ դերասանուհին պատմեց, որ այս հեռուստասերիալիում գլխավոր հերոսուհուն մարմնավորելու առաջարկը դարձյալ ստացել է ռեժիսորից՝ Հայկ Կբեյանից։ Այստեղ Անին բոլորովին այլ կնոջ է ներկայացնում: Հերոսուհու մասին խոսելիս՝ Անին նկատեց.
«Ինչպես վերևում նշեցի, կերպարիս հետ անհաշտ լինել չի ստացվի: Ես ընդունում եմ նրան իր բոլոր կողմերով, ուղղակի պետք է հասկանալ, որ կերպարը կերպար է՝մտացածին, իսկ ես՝ ես եմ»:
Այս պահին Անի Պետրոսյանը նկարահանվում է «Շանթ» հեռուստաըներության նոր նախագծում, որը դեռևս եթեր չի հեռարձակվել:
«Նոր նախագիծ է սպասվում: Կրկին համագործակցում եմ «Շանթ» հեռուստաընկերության հետ։ Նկարահանումներն արդեն ընթացքի մեջ են, բայց քանի հեռուստաընկերությունը պաշտոնապես չի հայտարարել այդ մասին, ես նույնպես իրավունք չունեմ խոսել։ Կարող եմ միայն ասել, որ դրամատիկ կերպար եմ մարմնավորում. Ճիշտ է՝ դրամատիկ դերեր շատ եմ խաղացել, բայց ոչ այս ուղղվածությամբ։ Հուսով եմ՝ դա ինձ կհաջողվի, չնայած, որ բարդ է»,- ավարտեց մեր զրուցակիցը։