Վարդան Արամյան. «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ»
Advertisement 1000 x 90

Վարդան Արամյան. «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ»

Սիրելի Հայրենակիցներ,

Այսօր առավոտյան ընթերցեցի մի լուր 1in.am կայքում, որում ասված էր իբրև թե ես կոչ եմ արել իմ թիմակիցներին հետևել իմ օրինակին և ազատման դիմում գրել։

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ որ ասվածը իրականության հետ որևէ աղերս չունի և որպես իմ Հայրենիքի զավակ վստահեցնում եմ, որ արել եմ ճիշտ հակառակը․ մինչև ինձ փոխարինողի նշանակումը շարունակել եմ մեծ նվիրվածությամբ կատարել ֆինանսների նախարարի պարտականությունները՝ նույն լարված ռեժիմով։ Ընդ որում և մինչ այդ և դրանից հետո խնդրել և հորդորել եմ իմ թիմակիցներին, որպեսզի նույն նվիրվածությամբ և ջանասիրությամբ նրանք շարունակեն կատարել իրենց աշխատանքը, առաջ տանեն նախաձեռնած բոլոր նախագծերն ու բարեփոխումները՝ զերծ պահելով մեր երկիրն ավելորդ ցնցումներից։ Հեղինակը երևի թե չի պատկերացրել, որ ես շատ լավ հասկանում եմ, որ անկախ որևէ հանգամանքից ֆինանսները պետք է զերծ մնան արկածախնդրությունից։ Ֆինանսական համակարգը երկրի տնտեսության արյունատար անոթներն են, դրանց խափանման պարագայում տնտեսության կաթվածահարությունն անխուսափելի է, որից յուրաքանչյուրս լինում ենք պարտվողի դերում։

Ուզում եմ օգտագործել այս առիթը և արդեն հրապարակավ ևս մեկ անգամ իմ գործընկերներին ուղղված իմ նախկին խոսքերը վերահաստատեմ – Շարունակեք նույն ջանասիրությամբ և հոգատարությամբ կատարել ձեր պարտականությունները հանուն մեր երկրի ապագայի։

P.S. Ես մեծ հարգանք ունեմ լրագրողի մասնագիտության նկատմամբ և պատիվ եմ ունեցել ճանաչել շատ-շատերին, որոնք մեծ արհեստավարժությամբ կատարում են իրենց աշխատանքը։ Բայց այս դեպքը չեմ հասկանում, իրոք չեմ հասկանում ինչ խնդիր են լուծում։ Թերևս լավ կլիներ որ հեղինակը ներողություն խնդրեր ոչ թե ինձանից այլ իր գործընկերներից, նման վարքագծով լրագրողի պահանջված աշխատանքը նսեմացնելու համար։

Հարգանքներով՝ Վարդան Արամյան



Նման նյութեր