Ապրիլին ԱԺ միջնորդություն էր ներկայացվել միայն Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ
Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պարզաբանել է ապրիլին երկրում ծավալված շարժման ընթացքում այն ժամանակ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին ձերբակալելու իրավական հիմքերը։ Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում, պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին, ընդգծեց, որ ապրիլի 22-ին պատգամավորները ձերբակալվել են ապօրինի հավաքներ և երթեր կազմակերպելու համար։
Էդմոն Մարուքյանը գլխավոր դատախազին խնդրեց ներկայացնել պատգամավորներին ձերբակալելու իրավական հիմքերը՝ ընդգծելով, որ այդ օրը Նիկոլ Փաշինյանին, ըստ էության առևանգել էին, քանի որ նրա գտնվելու վայրի մասին իրենք տեղեկություններ չեն ունեցել ու չեն կարողացել այցելել նրան։ Մարուքյանը նաև նշեց, որ ձերբակալությունից հետո Ազգային ժողով միջնորդություններ են ներկայացվել պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ՝ խնդրելով պարզաբանել, թե ի՞նչ եղավ այդ միջնորդությունների հետ։
Արթուր Դավթյանն ընդգծեց, որ ձերբակալումից հետո անձը հեռախոսազանգի միջոցով իրավունք ունի հարազատներին տեղեկացնել իր գտնվելու վայրի մասին: «Միևնույն ժամանակ, վարույթ իրականացնող քննիչը իր վերադասի համաձայնությամբ կարող է այդ զանգի իրավունքը մինչև 12 ժամ երկարաձգել: Որքանով ես տեղյակ եմ այս հարցում անհրաժեշտ ժամկետները պահպանվել են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՀ գլխավոր դատախազը:
Նա մանրամասնեց, որ գլխավոր դատախազությունն Ազգային ժողով միջնորդություն ներկայացրել է միայն Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, սակայն դրան հետևել են հայտնի իրադարձությունները, երբ ՀՀ փոխվարչապետը նամակով դիմել է իրեն և խնդրել է հետ վերցնել միջնորդությունն Ազգային ժողովից: «Դրանից հետո ես նամակով դիմել եմ Ազգային ժողովի նախագահին և խնդրել եմ օրակարգից հանել այդ հարցը»,- եզրափակեց գլխավոր դատախազը:
Ապրիլի 22-ին Արցախի փողոցից ոստիկանությունը բերման էր ենթարկել Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին: Ապրիլի 23-ին, սակայն, պատգամավորներն ազատ արձակվեցին: Նույն օրը հրաժարական տվեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, իսկ մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետի պաշտոնում, ապա Արարատ Միրզոյանին նշանակեց առաջին փոխվարչապետ: