Հրաչյա Կոստանյանն ավելի քան երկու տարի է, ինչ ընտանիքով բնակություն է հաստատել ԱՄՆ-ի Իլինոյս նահանգում։ Նահանգ, որտեղ շատերն առաջին անգամ են սկսել լսել Հայաստանի մասին, այդ հինավուրց երկրի մշակույթի մասին։ Ու դա հենց նրա շնորհիվ։ Պարարվեստի նվիրյալն իր մասնագիտական գործունեությամբ՝ հայկական պարով, հարյուրավոր մարդկանց հաղորդակից է դարձնում Հայաստանի մշակույթին, համագործակցելով Վիլինգի բալետի և Արվեստի ակադեմիայի հետ։
Երևանի Խ․ Աբովյանի անվ․ պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի բաժնի շրջանավարտ, պարուսույց Հրաչյա Կոստանյանն այսօր բազմաթիվ սաներ ունի տարիքային տարբեր խմբերում։ Այդ խմբերում ընդգրկված են տեղի՝ ինչպես հայ, այնպես էլ՝ այլազգի մանուկներ ու պատանիներ։ Հրաչյայի արտիստիզմը, պարային ու ռեժիսորական ունակությունները, մանկավարժական գիտելիքներն ու դասավանդման հմտությունները մեկտեղում են երեխաներին ու պատանիներին արվեստի շուրջ, պարարվեստի միջոցով հաղորդակից դարձնում նրանց տարբեր ազգությունների մշակույթներին։ Դա հիրավի ինտերնացիոնալ բարեկամության, ԱՄՆ-ի բազմազգ համայնքի մերձեցման, մշակութային փոխադարձ հարստացման վառ ու գովելի գործ է։
Հրաչյա Կոստանյանը պարարվեստի ուսուցման նվիրյալ է։ 2017թ. ապրիլի 29-ին Startpower պարային մրցույթում նրա սաներին հաջողվեց հաղթողի տիտղոսը նվաճել ոչ միայն շրջանային փուլում, այլև՝ դաշնային: Նույն թվականի մայիսի 13-ին Ակադեմիայի սաները Groove ռեգիոնալ մրցույթում ևս դարձան մրցանակակիր։ Պարուսույցն ակտիվորեն ներգրավված է նաև հայ համայնքի կյանքին: 2017թ. օգոստոսի 27-ին Իլինոյսի Էվանստոն քաղաքում կազմակերպված «ՀայՖեստին» մասնակցում էին նաև Հրաչյա Կոստանյանի սաները՝ հայկական ավանդական և ժողովրդական պարերով, իսկ ամռան ընթացքում Հայ Առաքելական եկեղեցու ճամբարին մասնակցող մանուկների ու նրանց ծնողների համար Հրաչյան կազմակերպեց հայկական պարի անվճար դասընթացներ: ԱՄՆ տարբեր նահանգներից այստեղ հավաքված հայերը՝ մեծ ու փոքր, միասին պարեցին «Յարխուշտա», «Թամզարա», «Լորկե» և այլ հայկական ազգային պարեր:
2017թ. նոյեմբերին Հրաչյա Կոստանյանը պարգևատրվել է ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալով՝ Սփյուռքում հայ մշակույթի տարածման, պահպանման և հանրահռչակման համար: 2018 թվականը նույնպես սկսվեց նոր նվաճումով: Բալետի և Արվեստի ակադեմիայի սաները մարտ ամսին ամերիկյան «Լեգասի» ազգային մրցույթում գրավեցին առաջին տեղերը տարիքային գրեթե բոլոր խմբերում։
Ներկայումս պարուսույց Հրաչյա Կոստանյանն իր սաների հետ աշխատելով՝ ոգևորում է նրանց ու մղում նոր հաջողությունների։ Ու դա պատահական չէ։ Նպատակ, ձգտում, մարդկանց օգտակար լինելու նվիրում․ սա է Հրաչյա Կոստանյանի կրեդոն, որը հաջողության գրավականն է։
Սոֆա Պետրոսյան