Ֆինանսական համակարգը բնականոն աշխատել է՝ չնայած ներքաղաքական լարվածությանը. Փաշինյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ֆինանսական համակարգը բնականոն աշխատել է՝ չնայած ներքաղաքական լարվածությանը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Ատոմ Ջանջուղազյանին, ով մինչ գերատեսչության ղեկավարի պաշտոնում նշանակվելը նախարարի առաջին տեղակալ, գլխավոր գանձապետն էր: Հանդիպմանը ներկա էր նաև նախկին նախարար Վարդան Արամյանը: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Վարդան Արամյանին նախարարի պաշտոնում կատարած աշխատանքի համար:

«Պարոնայք Վարդան Արամյանն ու Ատոմ Ջանջուղազյանը ինձ հաճելիորեն զարմացրած անձինք էին իմ վարչապետ դառնալուց հետո: Հաճելի էր լսել, որ ֆինանսական համակարգը բնականոն աշխատել է՝ չնայած ներքաղաքական լարված իրավիճակին: Հույս ունեմ, որ առաջիկայում կկարողանանք հաղթահարել ցայտնոտի զգացումը: Առաջիկայում խնդիր ունենք պատշաճ ներկայացնել պետական բյուջեի, կարճաժամկետ ծախսերի նախագծերը: Համոզված եմ, որ այդ աշխատանքը կարող եք պատշաճ իրականացնել, պարոն Ջանջուղազյան»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Դիմելով Վարդան Արամյանին՝ վարչապետը նշեց. «Ձեզ համարում եմ պրոֆեսիոնալ մարդ, համոզված եմ, որ ամեն ինչ կանեք՝ նոր նախարարին աջակցելու հարցում»:

Արամյանը շնորհակալություն հայտնեց լավ խոսքերի համար և իր երախտիքի խոսքն ասաց նախարարության իր գործընկերներին: Նա նկատեց, որ Ջանջուղազյանը ֆինանսական համակարգին քաջատեղյակ անձնավորություն է, ով Հայաստանի գանձապետական համակարգի կնքահայրն է եղել. «Ես պատրաստ եմ բոլորին աջակցել ամեն հարցում»:

«Շնորհակալ եմ այս բարձր պաշտոնում մեր հայրենիքին ծառայելու հնարավորության համար»,-ասաց նորանշանակ նախարար Ջանջուղազյանը:

Լուսանկարները՝ Photolure-ի