Հայաստանում քննարկվում է առաջիկա ընտրությունները բլոկչեյնի միջոցով անցկացնելու տարբերակը: Մայիսի 17-ին Hero House կենտրոնում տեղի կունենա հանդիպում, որտեղ մասնակիցները կքննարկեն ընտրությունները բլոկչեյնով անցկացնելու հնարավորությունները:
Քննարկմանը կարող են մասնակցել բոլոր հետաքրքրված անձինք: Քննարկմանը մասնակցելու են ներկայացուցիչներ BeSafe, Techstars Paris, Nooor Բլոկչեյնի հայկական ասոցիացիա, Concent, YLedger ընկերություններից և ստարտափներից:
Ավելի վաղ, Nooor Բլոկչեյնի հայկական ասոցիացիայի նախագահ Վիգեն Առուշանյանը հրապարակայնորեն դիմել էր Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով Հայաստանում բլոկչեյն տեխնոլոգիաները կիրառել ընտրությունների անցկացման համար:
Վիգեն Առուշանյանը նշել էր, որ հաշվի առնելով վերջին զարգացումները և հատկապես կարևորելով սպասվող ծավալուն աշխատանքները ու որոշումների ճակատագրական լինելը՝ անհրաժեշտ է, որ հետագա գործողություններն իրականացվեն բացարձակ թափանցիկ կերպով, և հետևաբար՝ զերծ մնալով ցանկացած տեսակի կոռուպցիոն ռիսկերից: Այս գործընթացում առավելագույն արդյունավետություն ապահովելու համար անհրաժեշտ է օգտագործել բոլոր այն հնարավորությունները, որոնք ընձեռում են նորագույն տեխնոլոգիաները, հատկապես` բլոկչեյնը:
Բլոկչեյնը բազմաթիվ մասնակիցների միջև ապակենտրոնացված եղանակով բաշխված վստահելի տվյալների ռեեստր է, որը թափանցիկ է բոլորի համար և ենթակա չէ ձևափոխման: Սա նշանակում է, որ ռեեստրում առկա տեղեկատվությունը չունի որևէ տեր, նույնությամբ պահպանվում է ցանցի բոլոր մասնակիցների մոտ, և նույնիսկ տվյալը մուտքագրողը հնարավորություն չունի փոփոխելու սեփական գրառումը: Հատկանշական է, որ համակարգի հիմնադիրը նույնպես որևէ տեխնիկական հնարավորություն չունի միջամտելու համակարգի աշխատանքին և տվյալների ամբողջականությանը:
«Իմ համոզմամբ՝ Հայաստանում պետք է սկսել հենց ընտրություններից (բոլոր մակարդակներում՝ խորհրդարանական ընտրություններ, ինքնակառավարման մարմիններ, հասարակական կարծիք): Բլոկչեյնով ընտրությունները թույլ կտան ունենալ արդար ու վստահելի արդյունքներ: Հետագա ինտեգրումները կարող են ընդգրկել հարկային, մաքսային, սոցապ, առողջապահական և այլ ոլորտները. հնարավորությունները լայն են: Գնալով այս քայլին՝ Հայաստանը որակապես այլ վստահելիության մակարդակ ձեռք կբերի իր օտարերկրյա գործընկերների աչքերում: Սա արմատապես կանդրադառնա մեր երկրի տնտեսական վիճակի բարելավման վրա, կներգրավվեն միջազգային ներդրումներ: Պատրաստ եմ ամեն կերպ օժանդակել նման համակարգի ներդրմանը»,- նշված է Վիգեն Առուշանյանի հրապարակման մեջ:
Նշենք նաև, որ աշխարհում արդեն իսկ անցկացվել են առաջին նախագահական ընտրությունները՝ բլոկչեյն տեխնոլոգիաներով: Դա տեղի է ունեցել մարտի 7-ին Սիերա Լեոնե երկրում (Աֆրիկա):
Սիրարփի Աղաբաբյան