Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ լարված իրավիճակ է Երևանի քաղաքապետարանում: Արդեն մի քանի ժամ է՝ մի խումբ ցուցարարներ ներխուժել են Երևանի քաղաքապետարանի շենք: Նրանք նախ հայտարարում էին, որ պահանջում են, որպեսզի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարզաբանի, թե ինչ է կառուցվում Մյասնիկյանի արձանի ետնամասում գտնվող այգում, որը վերածվել է շինհրապարակի: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը նրանց առաջարկեց հավաքվել Մոսկվայի տան դահլիճում, քանի որ այն մեծ է, որտեղ քաղաքապետը կհանդիպի իրենց հետ, սակայն ցուցարարները քննարկեցին և հայտարարեցին, որ մերժում են այդ առաջարկը և պահանջում են, որ Տարոն Մարգարյանը հենց այնտեղ պարզաբանում ներկայացնի:
Որոշ ժամանակ անց ցուցարարների պահանջը փոխվեց. նրանք սկսեցին պահանջել Տարոն Մարգարյանի հրաժարականը: Քաղաքապետարանը դիմեց ոստիկանապետ Վալերի Օսիպյանին՝ նշելով, օրենսդրության խախտմամբ տեղի է ունեցել ներխուժում՝ ՀՀ ոստիկանության կողմից պահպանվողպետական պահպանության օբյեկտ հանդիսացող Երևանի քաղաքապետարանի շենք, խոչընդոտելով քաղաքապետարանի աշխատանքի բնականոն ընթացքը։
«Դիմում ենք Ձեզ՝ ձեռնարկելու միջոցներ ոչ օրինական գործողությունները դադարեցնելու և քաղաքապետարանի բնականոն գործունեությունը վերականգնելու համար»,- ասված է քաղաքապետարանի դիմումի մեջ։
Քիչ անց քաղաքապետարան եկան ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը, Դանիել Իոանիսյանը: Քաղաքապետարանի մուտքը հսկող ոստիկաններին Ալեն Սիմոնյանը հորդորում էր թույլատրել քաղաքացիներին շենք՝ ասելով, որ թեև շենքը ՀՀ ոստիկանության կողմից պահպանվողպետական պահպանության օբյեկտ է, այնուամենայնիվ, քաղաքացիները պետք է մտնեն:
Ոստիկանության աշխատակիցները, սակայն, թույլ չէին տալիս քաղաքացիներին մտնել՝ ասելով, որ շենք թույլատրվում է մուտք գործել միայն անցագրերով:
Դրանից հետո Ալեն Սիմոնյանը՝ դիմելով ցուցարարներին ասաց. «Ովքեր ինձ մոտ ընդունելության են, կարող են մտնել շենք»:
Մուտքի մոտ հավաքված բոլոր ցուցարարները բղավեցին, որ իրենք ընդունելության են Ալեն Սիմոնյանի մոտ: