Ասեմ, որ մենք մեղավոր ենք։ Մենք անկեղծ չէինք։ Իսկ անկեղծ չէինք, որովհետև այդ տղաները բանտում էին, ու մտածում էինք՝ ազնիվ բան չէ ճաղերի հետևում գտնվողներին քննադատել, ավելին՝ ատում էինք նրանց դատողներին, իսկ եթե դատողներին ատում ես, համակրանքդ միշտ դատվողների կողմն է։
Այսօր Վարուժան Ավետիսյանի, առանց չափազանցության՝ զառանցանքը կարդալուց հետո հասկացա՝ իրոք, մենք ենք մեղավոր։
Սասնա ծռերի և նրանց հարազատների այս օրերի պահվածքը շատերի աչքերը բացեց։
Եթե այդպես քաջաբար ճանապարհ փակող էիք, նախորդ հանցագործ իշխանության օրոք փակեիք էդ ճանապարհը։ Ծեծ էի՞ք ուտելու։ Հա, ուտելու էիք։ Հիմա հաստատ գիտեք, որ ձեր մազին կպչող չի լինելու, առյու՞ծ կտրեցիք։
Իրո՞ք նախկին իշխանության դեմ էիք պայքարում։ Բա հիմա այդ նախկին իշխանությունը հոգեվարքի մեջ է, ինչի՞ եք վերակենդանացնում։ Չգիտե՞ք, որ նրանք հիմա երջանկությունից հեշտանք են ապրում ձեր այս գործողություններից։
Իրո՞ք կարծում եք, որ եթե մինչև հիմա լռել են բոլորը, այդ բոլորը միահամուռ երազել են զենքով ու սպանություններով իշխանափոխություն։
Իրո՞ք կարծում եք, որ ձեր ապօրինի ազատությունն ավելի կարևոր է այս պահին, քան հանրապետական բանդայից այս պետության վերջնական ազատագրումը։
Եթե այդպես եք կարծում, ուրեմն չգիտեք՝ պետությունն ինչ է ու առավել ևս չգիտեք՝ ինչի համար էիք պայքարում։
Եվ ամենակարևորը՝ ոնց որ թե դուք էլ չեք գիտակցում, որ իրավիճակ է փոխվել, ու ձեր այս պահվածքով հասարակության այն հատվածին, որը հիացած չէր ձեր գործունեությամբ, ընդամենը տրամադրում եք ձեր դեմ և ստիպում, որ բարձրաձայնեն դրա մասին։
Մեղքը ձեր վիզը։