«Ֆուլ հաուս»-ից հայտնի դարձած դերասանուհի, երգչուհի Քրիստինա Եղոյանը օրերես ներկայացրել է իր նոր տեսահոլովակը: «Օսդ չի հերիքում» երգի հեղինակն Արման Անտոնյանն է, տեսահոլովակը նկարահանել է Կարեն Ամյանը, պրոդյուսերն Արմեն Պետրոսյանն է: Life.panorama.am-ը նոր աշխատանքի վերաբերյալ զրուցել է Քրիստինայի հետ ու հետաքրքիր մանրամասներ իմացել:
– Քրիստինա, ձեր նոր աշխատանքն արդեն հանձնված է հանրության դատին, և հիմա կխնդրեմ պատմել այս երգի ստեղծման պատմությունը: Հիմնականում երգիչ-երգչուհիներն են հեղինակներին հուշում, թե ինչ երաժշտությամբ և ինչ թեմայով երգը գրեն: Այս իմաստով նպատակա՞յին էր հենց այս թեման:
– Երգը դժվարությամբ է ընտրվել, քանի որ երկար ժամանակ փնտրում էի այն երգը, որը լսելիս մարդիկ կցանկանան սիրել, նվիրվել, երազել:
– Տեսահոլովակում հերոսը ապրիլյան պատերազմի մասնակից է, ով պատերազմից հետո ունի շարժողական խնդիր, սակայն պատերազմի վերաբերյալ միայն մի քանի վայրկյան անդրադարձ կա: Ուզում եմ հասկանալ՝ սա դիտավորյա՞լ քայլ է, գուցե դիտմամբ փորձել եք կյանքի գունավոր կողմը ցույց տալ՝ չնայած գորշ իրավիճակներին:
– Ցանկացել ենք ցույց տալ, որ կյանքի գորշ կամ գունավոր իրավիճակներ չկան, մենք ենք ստեղծում մեր երջանկությունը, երբ կա սեր, կա նվիրվածություն, ամեն ինչ հաղթահարելի է, ուզում եմ բոլորը հասկանան, որ ցանկացած իրավիճակում պետք է լինել սիրելիի կողքին` սիրել և ուժ տալ նրան:
– Քրիստինա, հանրությունը ձեզ ճանաչեց ու սիրեց որպես դերասանուհի, սակայն հիմա ոչ պակաս մեծ քայլերով փորձում եք առաջ շարժվել՝ որպես երգչուհի: Հետաքրքիր է՝ ձեր մեջ այս երկու ոլորտներից, որի՞ն եք ավելի նախապատվություն տալիս, և ի՞նչ եք կարծում՝ հանրության կողմից առավել սիրված եք որպես երգչուհի, թե դերասանուհի:
– Կարծում եմ՝ որպես դերասանուհի, քանի որ առաջին անգամ հանդիսատեսին ներկայացել եմ հենց որպես դերասանուհի, բայց նախքան դերասանական կրթություն ստանալս տասներեք տարեկանից զբաղվել եմ վոկալով:
– Եվ վերջում կխնդրեմ ծանոթացնել ապագա ծրագրերին դարձյալ թե որպես դերասանուհի, և թե որպես երգչուհի: Ի դեպ՝ «Ֆուլ հաուս»-ի նոր եթերաշրջանում ձեզ կտեսնե՞նք, և բացի այս սիթքոմից այլ առաջարկներ չունե՞ք:
– Կան նոր նախագծեր, սակայն դրանց մասին դեռ չեմ բարձրաձայնի: Միայն կասեմ, որ իմ սիրելի հանդիսատեսին ունեմ շատ հետաքրքիր նորություններ, որոնց մասին կիմանաք շուտով: