Simbiozz բենդի պատմությունը. life.tert.am
Advertisement 1000 x 90

Simbiozz բենդի պատմությունը. life.tert.am

Ալտերնատիվ հիփ-հոփ և բացառապես հայալեզու երգեր տարբեր թեմաներով՝ քաղաքականից մինչև խաղողի օղու մասին. սա է ամիսներ առաջ ստեղծված, հանրությանը առայժմ ոչ այնքան հայտնի ՝ Simbiozz բենդի երաժշտական բնութագիրը: Մաշտոցի պուրակում ու Սարյանի այգում նվագող տղաներին տեսած ու ակամայից՝ բացօթյա համերգի ունկնդիրը դարձած կլինեն շատերը: Թե ինչպես Թատերական ինստիտուտի ու Կոնսերվատորիայի ուսանողները միավորվեցին և ստեղծեցին խումբը, փողոցից հասան փաբեր ու մի շարք այլ հարցեր Tert.am Life-ը պարզել է՝ խոսելով խմբի մեներգիչ, կիթառահար Վարուժան Գալթաքյանի հետ:

Վարուժանը պատմեց, որ խումբը ձևավորվել է այս տարվա փետրվարին, մինչև այդ՝ մոտ 8 տարի, ինքը հանդես է եկել որպես անհատ կատարող:  Հետաքրքրական է, որ խմբում միայն մեներգիչը երաժշտական կրթություն չունի և սովորում է Թատերական ինստիտուտի կինոռեժիսուրայի բաժնում:

«Երբ բանակից զորացրվեցի, ուզում էի համերգ ունենալ, բայց ոչ միայնակ: Քանի որ ես երաժշտական կրթություն չունեի, դիմեցի ներկայումս մեր խմբում հարվածային գործիքներ նվագող Հայկին, նա էլ իր ընկերներին ասաց, այդպես տղաներն ինձ օգնեցին երգերս ավելի լավ մատուցել: Այդ վիճակը մեզ դուր եկավ, որոշեցինք խումբ դառնալ և ընտրեցինք Simbiozz անունը, որը նշանակում է համակեցություն՝ մի քանի տարբեր օրգանիզմների համատեղ կյանք։ Հենց դա է գաղափարը, որով առաջնորդվեցինք: Այսինքն` մենք տարբեր ենք, բայց իրար հետ ենք աշխատում: Բառն առանձին է, երաժշտությունը՝ առանձին, բայց միասին ստեղծում են սիմբիոզ»,-ասաց Վարուժանը:

Բենդում չորս տղաներ են, որոնցից ավագը Վարուժանն է՝ 24 տարեկան: Նարեկ Աթոյանը՝ սաքսոֆոնահարն է, ստեղնաշարային գործիքները՝ Արամո Մամիկոնյանն է նվագում, հարվածային գործիքները՝ Հայկ Եգանյանը: Վարուժանը նշեց, որ իրենք բացառապես իրենց հեղինակային երգերն են կատարում, որոնց տեքստերի հեղինակն ինքն է. «Ես մի քանի ակորդի վրա նվագում եմ, տղաները դա զարգացնում են ու ստանում բառերիս համապատասխան երաժշտություն: Չունենք թեմատիկ սահմանափակում: Իմ ամենահայտնի երգը «Բետարիչեն» է՝ Դանթե Ալիգիերիի «Աստվածային կատակերգության» իմ ինտերպրիտացիան: Մեր երգերի հիմնական մեխն անկեղծությունն է՝ ինչ տեսնում ենք, դրա մասին էլ երգում ենք»:

Ամբողջությամբ՝ life.tert.am