Օրեր առաջ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Հարսնացուն հյուսիսից» քնարական կատակերգության պրեմիերան, որում ընդգրկված են ինչպես արդեն հայտնի, երկար տարիների փորձ ունեցող, այնպես էլ երիտասարդ դերասան-դերասանուհիներ:
Life.panorama.am-ը զրուցել է ներկայացման մեջ Արուսյակի կերպարը մարմնավորող դերասանուհի Աննա Էլբակյանի հետ՝ խոսելով պրեմիերայից հետո նրա զգացողությունների, արձագանքների և կերպարի մասին:
«Երբ կատարում ենք ինչ-որ աշխատանք, ապա դա անպայման ունենում է կոնկրետ հասցե և նպատակ: Այս ներկայացումը հիմնված է դրամատուրգ Ժորա Հարությունյանի պիեսի վրա: Որպես ներկայացում՝ այն միտում ուներ լինելու կենդանի, խոսելու մարդկանց սրտերի հետ, ամենակարևորը` պարզ մարդկանց, որոնց տեսակը, կարծում եմ` գրեթե վերացել է: Այսօր մարդիկ մոռացել են, որ կարելի է լինել պարզ և բարի»,- նշեց Աննա Էլբակյանը, ապա հավելեց.
«Կարծում եմ՝ կարողացել ենք ստեղծել մարդկային փոխհարաբերությունների այն մթնոլորտը, որը ցանկանում էինք: Մինչ այս մեր փորձերն էլ բավական հետաքրքիր են անցել, ներկայացման մեջ ներգրավված են տարբեր ժանրերի դերասաններ, որոնց հետ շատ կարճ ժամանակահատվածում կարողացել ենք թիմ ստեղծել»,- պատմեց դերասանուհին:
Խոսելով պրեմիերայից հետո արձագանքների մասին` Աննա Էլբակյանն ասաց.
«Արդեն իսկ կան դրական, հետաքրքիր արձագանքներ: Գիտեք, այսօր մարդիկ չեն գնում թատրոն ինչ-որ մի բան հավանելու, սովորելու համար, այլ գնում են անպայման վատ բան տեսնելու համար: Կոնկրետ մենք մեր ներկայացման հաջողությունը որոշում ենք պարզ հանդիսատեսի արձագանքով, մենք չենք գնում նրա ճաշակի հետևից, քանի որ թատրոնը ռեստորան չէ, որ ինչ պատվիրեն, դա անես: Մենք անում ենք այն, ինչ համարում ենք ճիշտ»,- նկատեց Աննա Էլբակյանը:
Հարցին՝ արդյո՞ք հեշտ է տարբեր ժամանակահատվածներում նույն ներկայացման մեջ մարմնավորել երկու կերպարների, դերասանուհին պատասխանեց.
«Երբ տարիներ առաջ ես մարմնավորում էի Վալյային, իսկ Վարդուհի Վարդերեսյանը՝ Արուսյակին, շատ ոգևորված էի, որ Վարդուհի Վարդերսյանի նման դերասանուհիներով և դերասաններով էի շրջապատված: Վախենում էի , որ հանկարծ ինչ-որ մի բան չփչացնեի: Իսկ հիմա ճիշտ հակառակ պատկերն է: Արդեն ես եմ իմ փորձը փոխանակում ինձանից ավելի երիտասարդ դերասանների հետ: Այս առումով զգացողություններս շատ տարբեր են: Կարող եմ ասել, որ ես պարզապես սիրահարված եմ Արուսին, նրանից շատ բաներ կարելի է սովորել: Այս ներկայացումն ինձ համար շատ թանկ է»,- շեշտեց Աննա Էլբակյանը:
Վերջինս անդրադարձավ նաև այն խոսակցություններին, ըստ որոնց՝ կարիք չկար կրկին վերակենդանացնելու «Հարսնացուն հյուսիսից» ներկայացումը.
«Իհարկե կար, և հենց հիմա ճիշտ ժամանակն էր: Այն ժամանակ, երբ էկրաններին հայտնվոց տվյալ ֆիլմը, մարդիկ նշում էին, որ ներկայացման համեմատ` այն շատ թույլ է: Բայց անցան տարիներ, և «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմը դարձավ ամենասիրելիներից մեկը, որը գրեթե բոլորը դիտել են: Բնականաբար, պիեսը տարբերվում է ֆիլից, բայց այն շատ թատերային է, շատ մարդկային և այսօրվա, քանի որ մարդկային արժեքները երբեք չեն փոխվում»,- նկատեց Աննա Էլբակյանը:
Խոսելով ներկայացման մեջ ներգրավված երիտասարդ դերասանների մասին՝ դերասանուհին ասաց.
«Գ. Սունդուկյանի թատրոնի երիտասարդներն ինձ համար մի թանկ որակ ունեն՝ նրանք շատ պրոֆեսիոնալ են և սովոր են աշխատելու, սովորելու, ինչի արդյունքում իրենց աշխատանքին շատ լուրջ են վերաբերում: Կան շատ շնորհքով մարդիկ, որոնց հետ աշխատելն ուղղակի հաճույք է: Մենք բոլորս միասին շատ հարմարավետ ենք զգում բեմում»,- ավարտեց դերասանուհի Աննա Էլբակյանը: