Life.panorama.am-ը զրուցել է երգչուհի Մարիաննա Լիմայի հետ, ով վերջերս արժանացել է երկու միջազգային մրցանակի: Նա, Հայաստանը ներկայացնելով ԱՄՆ-ում տեղի ունեցած «Golden Dream» միջազգային մրցույթ-փառատոնում և Վիեննայում տեղի ունեցած «Vienna Stars» միջազգային մրցույթում, գրավել է առաջին հորիզոնականը: Երգելուց զատ Մարիաննան նաև ստեղծագործում է, վերջերս նա ներկայացրել է իր՝ «Եվրոպան իմ սրտում» գիրքը, որը եվրոպական 30 քաղաքների մասին է:
– Մարիաննա, քանի որ քո մասին քիչ տեղեկություններ են հայտնի, կխնդրեմ նախևառաջ պատմես, թե ինչպե՞ս սկսվեց քո ճանապարհը երգարվեստում:
– Ես ավարտել եմ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Ջազ-էստրադային» բաժինը, իսկ 2016թ-ին ավարտել եմ նույն բաժնի մագիստրատուրան՝ Ռաիսա Մկրտչյանի դասարանում: Առ այսօր մասնակցել եմ 15 միջազգային մրցույթ-փառատոնների Եվրոպայում, ԱՄՆ-ում, Կորեայում, որոնցից մշտապես վերադառնում եմ գլխավոր մրցանակներով՝ առաջին տեղ կամ գրան պրի: Այժմ համագործակցում եմ իտալացի կոմպոզիտոր Ջիաննի Նեպիի հետ, նաև հայազգի տաղանդավոր կոմոզիտոր Նարինե Զարիֆյանի հետ: Երգին զուգահեռ նաև ստեղծագործում եմ, արդեն իսկ ունեմ թողարկված գիրք՝ «Եվրոպան իմ սրտում» վերնագրով:
– Հաջողություն է, երբ կարողանում ես երազանքներիդ տեր լինել ու բացի բախտիգործոնից նաև ինքդ հասնես նպատակներիդ: Այս իմաստով հաջություններդ վերագրումես բախտի՞ն, թե՞ քեզ:
– Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդու, որևէ ճանապարհ անցնելիս ամենաառաջինը օգնում է աշխատասիրությունը: Չկա տաղանդ՝ առանց աշխատասիրության: Ես ինքս ինձ վրա շատ եմ աշխատել և ինքնուրույն եմ կերտել ճանապարհս, փորձել եմ հասկանալ, թե ի՞նչ է պետք, ո՞րն է ճիշտ կամ սխալ: Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդու բախտը կախված է իրենից:
– Մարիաննա, վերջերս միջազգային մրցույթներում մեծ հաջողությունների ես հասել: Կպատմե՞ս դրանց մասին:
– Այո, նոր եմ վերադարձել Հայաստան և խոստովանեմ, որ շատ էի կարոտել Երևանը: Փետրվարին Հայաստանը ներկայացրել եմ ԱՄՆ-ում՝ «Golden Dream» միջազգային մրցույթ-փառատոնում և զբաղեցրել եմ առաջին տեղը: Սրան հաջորդեց մարտ ամսին Վիեննայում տեղի ունեցած «Vienna Stars» միջազգային մրցույթը, որտեղ դարձյալ առաջին տեղը գրավեցի: Ի դեպ՝ երկու մրցույթներում էլ հանդես եմ եկել կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանի «Mercy on me» ստեղծագործությամբ: Նարինե Զարիֆյանի հետ սա մեր երկրորդ աշխատանքն էր, իսկ այժմ աշխատում ենք Հայոց ցեղասապանությանը նվիրված նոր ստեղծագործության վրա, և պատրաստվում եմ այն ներկայացնել հետագա արտասահմանյան համերգների և մրցույթների ժամանակ:
– Շատ կարևոր է նաև այն, որ բացի արդեն գրանցած հաջողություններից, ձգտել դրանցթիվն ավելացնել: Ի՞նչ ծրագրեր ունես առաջիկայի համար:
– Ինչպես նշեցի՝ այժմ աշխատում եմ իմ նոր ստեղծագործության վրա. Ինձ համար շատ կարևոր է Հայոց ցեղասպանության թեման արծարծելը, հույս ունեմ, որ այն ևս կներկայացնեմ: Նաև պատրաստվում եմ ավելի ուշ գիրք գրել ԱՄՆ-ի և Ասիայի մասին: Նախկին գրքումս ներկայացրել եմ եվրոպական 30 քաղաքների ավանդույթները, տեսարժան վայրերը, ազգային գծերը, հետաքրքիր դրվագները, որոնք ինձ հետ են տեղի ունեցել: Ինձ համար անչափ հետաքրքիր է եղել միայնակ ճանապարհորդելը: Հույս ունեմ, որ գիրքը կարդալուց հետո մարդիկ իրենց համար հետաքրքիր նոր բաներ են բացահայտել, նաև իմացել, թե որ վայրերը կարող են այցելել, երբ հայտնվեն տվյալ քաղաքում: Ի դեպ՝ գիրքը կարդալիս մարդիկ նաև ինձ կարող են ճանաչել, քանի որ այն իմ կյանքի պատմության մի մասն է կազմում:
– Կարծես թե առավել շատ կենտրոնացած ես միջազգային հանրության առջևներկայանալու վրա: Ինչո՞ւ հայաստանյան շուկայում ակտիվ չես գործում:
– Այո, այնպես է ստացվել, որ վերջին երեք տարին գրեթե Հայաստանում չեմ եղել: Շատ եմ մասնակցել միջազգային մրցույթների, բազմաթիվ հետաքրքիր և տաղանդավոր մարդկանց հետ եմ ծանոթացել, բայց պետք է վստահ ասեմ, որ մենք ամենատաղանդավոր և խելացի ազգերից ենք: Հայերի ունիկալությունն ու տաղանդը բազմիցս է գնահատվել տարբեր երկրներում ու բնագավառներում: Կարծում եմ՝ պետք է շարունակել զարգանալ, սակայան երբեք չկորցնել սեփականը. Սա շատ կարևոր նրբություն է, որը պետք է հասկանա մեզնից յուրաքանչյուրը, ով զբաղվում է արվեստի որևէ ճյուղով: