Աշխատանքային 5-րդ օրվա ամփոփումը.
Առավոտը սկսեցինք կառավարության ծրագրի մշակման շուրջ նախարարության ստորաբաժանումների ղեկավարների հետ առանձին աշխատանքային քննարկումներով:
Գնացի կառավարություն, որտեղ վերոնշյալ փաստաթուղթը ներկայացրի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին: Արդյունավետ այդ քննարկմանը ներկա էին նաև նախարարներ Սուրեն Պապիկյանն ու Հրաչյա Ռոստոմյանը:
Վերադարձա նախարարություն, որտեղ ծրագրի շուրջ աշխատանքները համակարգելուն զուգահեռ սկսվեց ընդունելությունների փուլը: Մասնավորապես, հանդիպեցի ԱՄՆ և Կանադայի Թեքեյան մշակութային միության նախագահ Էդմոնդ Ազատյանի, կենտրոնական վարչության ատենադպիր Հակոբ Վարդիվառյանի և միության անդամ Գևորգ Մարաշլյանի հետ: Վերջիններս ինձ առաջարկեցին այցով մեկնել ԱՄՆ և Կանադա: Խոսեցինք նաև սպասվելիք համագործակցության շուրջ:
Այնուհետև ինձ այցելեցին Կիպրոսի Մելքոնյան կրթական հաստատության նախկին շրջանավարտների պատվիրակությունը՝ Բյուզանդ և Մարի Ագբաշյանները (Պոլիս), Գրիգոր Մարոնյանը (Մոնրեալ), Մանուկ Յեդըզյանը (Կիպրոս) և Գևորգ Մարաշլյանը (Վաշինգտոն): Քննարկման առարկան ևս ակտիվ համագործակցությունն էր, ինչպես նաև առկա խնդիրների լուծման տարբերակները:
Հանդիպեցի նաև «Ճամփորդ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Արիանա Կաոիլիի և իր թիմի հետ: Երկու կողմերն էլ համատեղ նախագծեր իրականացնելու պատրաստակամություն հայտնեցին: Ի դեպ, Արիանայի ամուսինը շախմատիստ Լևոն Արոնյանն է:
Շատ երկար և ընդգրկուն հեռախոսազրույց ունեցա Արսինե Խանջյանի հետ: Նա ինձ հայտնեց իր աջակցությունն ու ուրախալի լուր ասաց. Արսինեն հունիսին կրկին կայցելի Հայաստան՝ ինձ հետ քննարկելու իր առաջարկները:
Շատ պարզ, ընկերական զրույց ունեցա Սփյուռքի արդեն նախկին փոխնախարար Վահագն Մելիքյանի հետ: Շատ եմ գնահատում նրա՝ ինձ աջակցելու և անհրաժեշտության դեպքում փորձով ու գիտելիքներով կիսվելու պատրաստակամությունը: Շատ ջերմ հեռախոսազրույց ունեցա նաև Վահագնի հոր՝ ավագ ընկեր Գուրգեն Մելիքյանի հետ, որը եղել է իմ դեկանը:
Դե իսկ աշխատանքային օրը եզրափակեցի Շանթ հեռուստաալիքում՝ հյուրընկալվելով Հեռանկարի տաղավարում: Արամ Աբրահամյանի հետ իմ զրույցի տեսագրությունն արդեն հրապարակել եմ: