Օրերս երգչուհի Գայա Արզումանյանը մկրտվել է Արցախի Գանձասար վանական համալիրի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: Երգչուհին այսուհետ իսկական քրիստոնյա է համարվում, իսկ թե ինչու է միայն այժմ իրականացրել այդ կարևոր քայլը և ինչպես է ընտրել կնքահորը, երգչուհին պատմել է Life.panorama.am-ին:
«Մկրտվել ցանկացել եմ, երբ դեռ փոքր էի, այն ժամանակ ավելի շատ ուզում էի անպայման խաչ կրել, իսկ երբ արդեն հասուն էի ու խորապես գիտակցեցի մկրտության խորհուրդը, շատ էի ուզում շուտ մկրտվել: Այդ կարևոր իրադարձությանը հոգեպես միշտ եմ պատրաստ եղել, ուղղակի ամեն անգամ հանգամանքների բերումով հետաձգվում էր»,- պատմեց Գայան ու շարունակեց.
«Փոքր տարիքում, պատերազմական պայմաններից ելնելով, ծնողներս չեն մկրտել ինձ: Իրականում ուրախ եմ այդ փաստի համար, քանի որ գիտակից տարիքում մկրտվելը, երբ արդեն հասկանում ես մկրտության խորհուրդը, կարևորությունը, ավելի լավ է: Կարծում եմ՝ երբեք էլ ուշ չէ մկրտվելու համար»:
Գայան դժվարացավ նկարագրել զգացողությունները իսկական քրիստոնյա դառնալուց հետո:
«Խոսքերով չեմ կարող զգացողություններս լիարժեք ներկայացնել, մի տեսակ թեևություն եմ զգում, սուրբ հոգու ներկայությունն եմ զգում ու կարծես մաքրված լինեմ մեղքերից, ասես նորածին լինեմ»:
Շատ կարևոր է ոչ միայն գիտակցել մկրտության անհրաժեշտությունը, այլև ընտրել ճիշտ կնքահոր, ով իր արդարամիտ խորհուրդներով մշտապես կողքիդ կլինի: Այս իմաստով Գայան երկար չի մտածել, ընտրել է իր պրոդյուսերին՝ Արայիկ Գաբաջյանին, ով նաև իր լավ ընկերն է:
«Կնքահոր ընտրությունը պատահական չէր, քանի որ կնքահայրը պետք է հոգևոր հայր լինի: Արայիկը իմ կյանքում այն մարդն է, ով բարի խորհուրդներով միշտ իմ կողքին է և վստահ եմ՝ նա իմ հարազատներից այն քչերից է, ով իմ հանդեպ կատարում է հոգևոր հոր պարտականություններն ու դերը»,- նկատեց նա:
Գայան մկրտվել է իր համար հարազատ Գանձասար վանական համալիրի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, որը գտնվում է իր ծննդավայրում՝ Արցախում:
«Անշուշտ, եկեղեցու ընտրությունն էլ պատահակ չէր: Ես բազմիցս ուխտ եմ պահել, երբ այցելել եմ Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին ու ի կատար է ածվել պահածս ուխտը, ուստի դա էր պատճառը, որ եկեղեցու ընտրության հարցում երկրորդ կարծիք չկար»,- նշեց նա:
Ի դեպ՝ Գայա Արզումանյանը մկրտությունից հետո իր ամենամտերիմ ընկերների հետ փոքրիկ հավաքույթ է կազմակերպել Արցախի իր հայրական տանը:
«Ի տարբերություն իմ խառնվածքին՝ ինձ հետ կապված խնջույքները ես միշտ համեստ եմ սիրում նշել: Այդ օրն ինձ հետ էին մի քանի ինձ հարազատ ընկերներ, որոնք ինձ համար շատ կարևոր օրը պետք է լինեին իմ կողքին»,- ավարտեց երգչուհին: