Տեսահոլովակով ոչ մեկին չենք զարմացնելու, պարզապես դրա միջոցով երգը դարձնելու ենք ավելի հասանելի. Արսեն Սաֆարյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Տեսահոլովակով ոչ մեկին չենք զարմացնելու, պարզապես դրա միջոցով երգը դարձնելու ենք ավելի հասանելի. Արսեն Սաֆարյան. life.panorama.am

Երգիչ Արսեն Սաֆարյանը շուտով կներկայացնի իր նոր՝ «Էս ինչ սիրուն ես» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, բայց մինչ այդ երգիչը Life.panorama.am-ին է պատմել երգի և տեսահոլովակի ստեղծման պատմությունը:

«Գուցե նոր տեսահոլովակս ինչ-որ իմաստով վերադարձ համարվի, բայց պետք է ասեմ, որ ես երբեք էլ չեմ դադարել աշխատել, ստեղծագործել, պարզապես դրանք միշտ չէ, որ էկրաններին են հայտնվել: Վերջին շրջանում աշխատանքս ավելի ակումբային էր, այդ ֆորմատում շատ էին նաև համերգներս, և այս տեսանկյունից գուցե իսկապես նոր տեսահոլովակով էկրանային դադարին վերջ կտրվի: Պետք է խոստովանեմ, որ հիմա ես ավելի շատ եմ երգում, քան, օրինակ, տասը տարի առաջ»,- նշեց Արսենն ու շարունակեց.

«Այս պահին արդեն իսկ բազմաթիվ երգեր ունեմ, որոնց հեղինակները թե ես եմ, թե ընկերներս՝ Ռիչարդ Մադլենյանը, Րաֆֆի Ալթունյանը և այլք: Այնպես որ, նախատեսում եմ առաջիկայում ավելի հաճախ նոր աշխատանքներ ներկայացնել»:

Խոսելով «Էս ինչ սիրուն ես» երգի մասին՝ Արսեն Սաֆարյանը պատմեց.

«Երգս սիրո և սիրահարվեու մասին է: Այն շատ բարի և տրամադրություն բարձրացնող աշխատանք է: Ի դեպ՝ սկզբում այն այլ ռիթմերով էի գրել, սակայն գործիքավորող Սերգեյ Հովհաննիսյանը դրան հետաքրքիր ոճ տվեց՝ այն դարձնելով ավելի վառ ու դրական: Ասեմ նաև, որ Ավետ Բարսեղյանը երգի խոսքերը գրել է ընդամենը կես ժամում: Հետո ինձ իր օգնությունը առաջարկեց Էրիկ Կարապետյանը՝ ձայնակցելով խոռային հատվածներում: Մի խոսքով, ամեն ինչ կատարվեց արագ, սահուն ու ամենակարևորը՝ ցանկալի արդյունքով:»:

Տեսահոլովակը նկարահանելիս էլ Արսենը երկար չի մտածել ռեժիսորի ընտրության հարցում:

«Խաչիկ Եղոյանի հետ մտերիմ ընկերներ ենք, նրան բացատրեցի, որ ծանր սյուժե չեմ ուզում, քանի որ երգն իրենով արդեն շատ լավն է՝ լի դրական էմոցիաներով: Արդյունքում որոշեցինք տեսահոլովակում սյուժետային գիծը կառուցել այնպես, որ տպավորություն լինի, թե տեսահոլովակում հենց տեսահոլովակ ենք նկարահանում: Ամբողջը տաղավարային նկարահանումներ են, որոնք իրականացրել ենք «Հայֆիլմ»-ի տաղավարներից մեկում: Տեսահոլովակով ոչ մեկին չենք զարմացնելու, պարզապես դրա միջոցով երգը դարձնելու ենք ավելի հասանելի»,- նկատեց երգիչը:

Մեր զրուցակիցի խոսքով՝ շատ բարդ է եղել հերոսուհու ընտրությունը:

«Երգի վերնագիրը՝ «Էս ինչ սիրուն ես», մեզ ուղղակի պարտադրում էր գտնել իսկապես գեղեցկուհու, քանի որ գեղեցիկն ինքնին հարաբերական երևույթ է: Միաժամանկ, պետք էր պրոֆեսիոնալ դերասանուհի-գեղեցկուհի, ով կկարողանար իրականացնել մեր սպասելիքները. Հենց էնպես գեղեցկուհու նկարահանելու իրավունք չունեինք: Արդյունքում մենք որոշեցինք, որ Լուիզա Ղամբարյանը այն դերասանուհիներից է, ում գեղեցկությունը պարզապես քննարկման ենթակա չէ: Վերջինս սիրով համաձայնեց աշխատել մեզ հետ ու անցանք գործի»,- պատմեց Ա. Սաֆարյանը:

Տեսահոլովակում  Արսեն Սաֆարյանի արտաքին տեսքը կհուշի, որ չնայած որոշակի դադարին, երգիչն իր ոճում է.

«Ես չեմ կարող ինձնից հեռվանալ կամ շեղվել: Ես դիտավորյալ չեմ անում, պարզապես սիրում եմ լինել այնպիսին, ինչպիսին եղել եմ և կամ: Իհարկե, նորություններից ևս չեմ հրաժարվում, եթե դրանք ինչ-որ առումով կարող են դառնալ իմը: Ամեն դեպքում, դժվար մազերս ներկած դուրս գայի ու ասեի, թե նոր տեսահոլովակ եմ նկարահանում, կարծում եմ՝ մի քիչ  ինձ ճիշտ չէին հասկանա»,- ավարտեց երգիչը:

life.panorama.am