Ուշադիր եղեք. մաշկը զգուշացնում է առողջական խնդիրների մասին
Advertisement 1000 x 90

Ուշադիր եղեք. մաշկը զգուշացնում է առողջական խնդիրների մասին

Առողջական վիճակի մասին լավագույնս վկայում է մաշկը: Այն տարբեր միջոցներով զգուշացնում է օրգանիզմում կատարվող փոփոխությունների մասին, ինչը նշանակում է, որ չի կարելի անուշադրության մատնել դրանք: Fithacker.ru-ն ներկայացրել է՝ ինչի մասին կարող են վկայել մաշկային խնդիրները:

Մուգ հետքերը կարող են վկայել զարգացող երիկամային անբավարարության մասին: Այս դեպքում կարող են նկատվել նաև թուլություն վերջույթներում, շատ ուտելու ցանկություն: Իջնում են արյան մեջ շաքարի մակարդակը, ճնշումը: Այս նշանների առկայության դեպքում խորհուրդ է տրվում դիմել բուժող բժշկին:

Ճերմակ լաքաների առկայություն: Սա կարող է վկայել վիտիլիգո անունով հայտնի հիվանդության առկայության մասին: Այս խնդիրը կարող է վկայել մակերիկամային անբավարարության, ինչպես նաև հյուսվածքների անբավարար ակտիվության մասին, որոնք պատասխանատու են պիգմենտի արտադրման համար: Դիմեք էնդոկրինոլոգի և մաշկաբանի օգնությանը:

Մաշկի վրա դուրս տված ցան: Սրանք կարող են վկայել ալերգիայի, ինֆեկցիոն կամ վիրուսային հիվանդության առկայության մասին: Դրանց առկայության դեպքում դիմեք բժշկի:

Այտուցվածությունը՝ որպես հիպոթիրեոզի հետևանք: Պարբերական այտուցվածությունը հաճախ հիպոթիրեոզի հետևանք է՝ վահանաձև գեղձի կողմից արտադրվող հորմոնների անբավարար մակարդակ: Եթե այտուցվածությանը զուգահեռ՝ նկատվում է մաշկի չորություն, մազաթափություն, քաշի ավելացում, դիմեք էնդոկրինոլոգի օգնությանը:

Մեծ քանակով խալերի առկայություն: Մեծ քանակով խալերի առաջացումը հիմնականում պայմանավորված է ժառանգական նախատրամադրվածությամբ, սակայն կարող է վկայել նաև հորմոնալ անհավասարակշռության և ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության մասին:

Մաշկի թեփոտումը՝ որպես վիտամինների անբավարար մակարդակի հետևանք: Այս խնդիրը կարող է վկայել վիտամինների անվարարար մակարդակի, հորմոնալ  անհավասարակշռության, ալերգիայի, փսորիազի մասին:

Առատ քրտնարտադրությունը՝ վահանաձև գեղձի աշխատանքի խանգարման արդյունք: Վահանաձև գեղձի աշխատանքի խանգարման դեպքում մեծ քանակով հորմոններ են արտադրվում, ինչն առատ քրտնարտադրության պատճառ է դառնում:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը