Հավայիում ժայթքող Կիլաուեա հրաբխի լավան հասել է Խաղաղ օվկիանոս: Այդ մասին մայիսի 21-ին հայտնել է Associated Press-ը: Գործակալության տվյալներով՝ հրաբխի հոսքերը 24 կիլոմետր հեռավորությամբ տարածվել են հրաբխից արևմուտք և հասել Մեծ կղզու հարավային ծովափ:
Ծովի աղի ջրի մեջ լավայի հայտնվելը հանգեցրել է քիմիական ռեակցիայի. գոյացել է թունավոր ամպ: Տեղի իշխանությունները բնակիչներին ու զբոսաշրջիկներին խորհուրդ են տալիս չմոտենալ հրաբխի մերձակա շրջաններին:
«Իշխանությունները նախազգուշացնում են, որ հրաբխի հոսքերը կարող են փոխել իրենց ուղղությունը, եթե ուղղությունը փոխի քամին»,-AP-ն մեջբերում է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության մասնագետ Վենդի Սթովալի խոսքը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ լավային դիպչելուց հետո մի տղամարդ է հոսպիտալացվել ոտքի այրվածքի պատճառով: Լավայի հոսքերը ոչնչացրել են շուրջ 40 շինություն, այդ թվում՝ երկու տասնյակ բնակելի տներ: Հրաբխի անմիջական մերձակայքում գտնվող շրջաններից իրականացվել է բնակչության տարհանում: ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը նախազգուշացրել է մոխրի արտանետումների և թանձր ծխամշուշի պատճառով ինքնաթիռների թռիչքների համար վտանգի առավելագույն՝ «կարմիր» մակարդակի մասին: Հավելենք, որ հրաբուխը ակտիվություն է ցուցաբերում մայիսի սկզբից: Կիլաուեան համարվում է աշխարհի ամենաակտիվ գործող հրաբուխներից մեկը: Հրաբխի բարձրությունը ծովի մակարդակի նկատմամբ կազմում է 1247 մետր: