Մի փոքր ավիացիոն լիկբեզ` ՀՀ ՔԱԳՎ (Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն) նախկին պետ, ավիատոր Դմիտրի Ադբաշյանից։ Նա բոլորից լավ է գլուխ հանում հայկական ավիացիայի պես կարևոր ոլորտից, և Հայաստանի ղեկավարությանը չէր խանգարի հաշվի առնել այդ կարծիքը։
Դմիտրի Ադբաշյանը համոզված է, որ Հայաստանին օդի պես է ազգային ավիափոխադրող պետք։ Այնպիսի ավիաընկերություն, որի կապիտալում ներգրավված լինեն նաև պետական ներդրումներ` սկսած գոնե 15 տոկոսից (իդեալականը 41-51 տոկոսն է)։
Բանն այն է, պնդում է քաղավիացիայի նախկին ղեկավարը, որ մասնավոր ավիաընկերությունները, որքան էլ հզոր լինեն, միևնույն է` քաղաքականությունը կառուցելու են չվերթերի առավելագույն եկամտաբերության սկզբունքի։ Կոպիտ ասած, մասնավոր ընկերությունը ձգտելու է հնարավորինս շատ գումար աշխատել։ Մասնավոր ավիաընկերությունները պարզապես չեն կարող այլ չափանիշներ ունենալ։
Սակայն բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից արգելափակման մեջ հայտնված Հայաստանի համար նման մոտեցումը բացարձակապես անընդունելի է։
Անթույլատրելի է, որ երկիրը (առաջին հերթին` ղեկավարությունը) ավիացիոն ոլորտին որպես հասարակ բիզնեսի վերաբերվի, որպես գումար աշխատելու մեխանիզմ։
Այսօր Հայաստանի համար ավիացիան միակ և ոչ այլընտրանքային միջոցն է արտաքին աշխարհ դուրս գալու, «ոչ պատերազմի, ոչ խաղաղության» իրավիճակում գտնվող երկրին այլ պետությունների մայրաքաղաքների հետ կապելու։
Մասնավորը, որքան էլ հայրենասեր լինի, կանոնավոր չվերթեր չի իրականացնի այն քաղաքներ և երկրներ, որտեղից քիչ եկամուտ կլինի (կարող են նույնիսկ վնասներ լինել)։ Կապիտալիստական բիզնեսն այլ առաջնահերթություններ ունի։
Նման բանի ունակ է միայն պետությունը, որը հաշվի է առնելու ոչ միայն (և ոչ այդքան) թռիչքների ֆինանսական բաղկացուցչը, այլև կարևորելու է քաղաքական, աշխարհագրական, տնտեսական նկատառումները։
Էռնեկյանին պետք է ստիպել օրենքով
Եվ դա վերաբերում է ոչ միայն ազգային փոխադրողին, այլև օդանավակայանին, որտեղ այդ պետական ավիաընկերությունը տեղակայված է լինելու։ Չէ՞ որ նույն Էդուարդո Էռնեկյանը, որը նոր աէրոկայարան է կառուցել և սպասարկում է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը, պարտավոր չի զգում իրեն ազգային ավիափոխադրողի արտոնյալ պայմաններ տրամադրել օդանավերի կայանատեղիի, դրանց վերանորոգման և այլնի համար։ Եվ ընդհանրապես, «Զվարթնոց» օդանավակայանում ցանկացած հայկական ավիաընկերության տեղակայումը «գլխացավանք է»։ Չէ՞ որ արտոնյալ պայմաններ է պահանջելու իր համար ինքնաթիռների կայանման և օդանավակայանի ծառայությունների համար, ինչպես ընդունված է ամբողջ աշխարհում։
Ազգային փոխադրողի կարգավիճակին հավակնող «Արմավիա» ավիաընկերության սննկացման պատճառներից մեկը երևի հենց այն էր, որ «Զվարթնոց» օդանավակայանը չհամաձայնեց արտոնյալ սակագներ և պայմաններ տրամադրել ավիաընկերությանը։
«Զվարթնոցը» պարտավոր չէր անել դա, չէ՞ որ, մեծ հաշվով «Արմավիան» լիարժեք ազգային փոխադրող չէր, այլ ընդամենը մասնավոր ավիաընկերություն։ Բացի այդ, երկրի ղեկավարությունը նույնիսկ չի փորձել աջակցել Միխայիլ Բաղդասարովին, որին պատկանում էր «Արմավիան»։ Օրենք ևս չի եղել, որով Էռնեկյանը պետք է զիջումներ աներ ընկերությանը։
ՀՀ ՔԱԳՎ-ի նախկին ղեկավարը համոզված է, որ այսօր հանրապետությանը պաշտոնական ազգային փոխադրող է անհրաժեշտ` պետք է ավիաընկերություն հիմնել, որը կանոնադրական կապիտալում (ընդհուպ մինչև 50 տոկոս) էական պետական մասնաբաժին ունենա։
Անհրաժեշտ է նաև օրենք մշակել, որը կպարտադրի Հայաստանի տարածքում գործող մասնավոր օդանավակայաններին (այդ թվում «Զվարթնոցին») ազգային ավիափոխադրողի ինքնաթիռները սպասարկել արտոնյալ սակագներով։
Ավելին` Հայաստանում միայն մեկ ընկերություն չպետք է գործի, այլ միանգամից մի քանիսը, որոնցից մեկը զբաղվի ավիացիոն բեռնափոխադրումներով։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am