Հարյուր հազարավոր մարդիկ, Մադրիդի գրեթե ամբողջ արևելյան մասը, առանց ջրի են մնացել վթարի պատճառով: Այդ մասին մայիսի 21-ին հայտնել է «Իզաբելա Երկրորդի ջրանցքը», որն ապահովում է քաղաքի ջրամատակարարումը:
Ջրամատակարարման խողովակը ճեղքվել է Նիսետո Ալկալա Սամորա պողոտայում, գոյացել է մեծ ձագարափոս: Վթարի վայրին հարող մի քանի փողոցներում դադարեցվել է ավտոմեքենաների երթևեկությունը: Ընկերությունը հայտնում է, որ վթարի պատճառ է դարձել «պատահական միջադեպը»:
Տեխնիկական ծառայությունները մեկուսացրել են վթարի վայրը և փորձում են տուժած գոտու ջրամատակարարման այլընտրական ուղիներ գտնել: Կազմակերպվել է շշալցված խմելաջրի մատակարարումը: Առանց ջրի մնացած բնակիչների ստույգ թիվը չի նշվում: Խոսքը վերաբերում է հարյուր հազարավոր մարդկանց, ըստ առանձին ԶԼՄ-ների տվյալների՝ մինչև 1 մլն բնակչի: Ընդհանուր առմամբ շուրջ երկու տասնյակ շրջաններ են տուժել Իսպանիայի մայրաքաղաքի արևելքում և հարակից մունիցիպալիտետներում: