Սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանը կարևորում է Սփյուռքի նախարարության գոյությունը որպես առանձին կառույց։
«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ի պատասխան հարցին, թե «կարծո՞ւմ է, որ առանձին Սփյուռքի նախարարություն պետք է լինի», Հայրապետյանը պատասխանեց. – «Անշուշտ, և ես կապացուցեմ, թե ինչու, շատ չեմ ուզում խոսել, որովհետև ես ուզում եմ ուղղակի գործել»։
Հիշեցնենք` Փաշինյանի կառավարության առաջին նիստի ժամանակ առաջին փոխվարչապետ Արարատ Միրոզյանը հայտարարեց, որ հրաժարվում է իր գրասենյակին հատկացված հինգ մեքենաներից երեքից, ևս երկուսից էլ հրաժարվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Արարատ Միրոզյանը նույնն առաջարկեց նաև նախարարներին․ – «Պետական ապարատում կա ծառայողական մեքենաների գերկուտակում և սա բյուջետային ծախսերի, եղած միջոցների վատնում է ուղղակի»:
«Կիրակնօրյա վերլուծական»-ի հարցին, թե ինքը հիմնականում ծառայողական մեքենայո՞վ է շրջում, նախարարը պատասխանեց. – «Օ՝ ոչ, այսօր, օրինակ, ընկերս է բերել, շատ համեստ մեքենայով եմ եկել։ Եթե աշխատանքի բնույթը պահանջում է որպեսզի ծառայողական մեքենայով շրջեմ, անշուշտ չեմ զլանա»։
Նախարարը նշեց, որ իր գերատեսչությունում ծառայողական մեքենաների թիվը մեծ չէ, և եթե որոշեն, որ նույնիսկ նախարարը չպետք է ունենա ծառայողական մեքենա, ապա միանշանակ դրանք կկրճատվեն։
«Մեր նախարարությունում մեքենաների թիվը մեծ չէ, անկեղծ ասած, չորսն են դրանք ողջ նախարարությունում՝ աշխատակազմի ղեկավար, երկու փոխնախարար և նախարար, եթե մենք գանք մի կետի, որ նույնիսկ նախարարը չպետք է ունենա մեքենա, որովհետև, ինչու ոչ, նախարարը պետք է հասարակական տրանսպորտով շրջի, եթե նախարարի ծառայողական մեքենայից չօգտվելը չխոչընդոտի նրա բնականոն գործունեությանը՝ ժամանակի առումով և այլն, ապա միանշանակ անխտիր բոլորը կկրճատվեն։ Այստեղ արդեն պետք է փնտրենք լավագույն որոշումը գտնենք, թեև, ըստ իս, չորս մեքենայի մասով ես չեմ կարծում, որ դա շատ ուռճացված թիվ է, եթե մենք ունենանք հիմնավորում, որ այդ չորսը պետք է մնան, դրանք կմնան, որևէ խնդիր չկա», – ասաց նախարարը։
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ