Պատմաբան Ռուբեն Շուխյանն իր Facebook-յան էջում ներկայացնում է լուսանկարիչ Գևորգ Գահվեճյանին՝ Երուսաղեմից. «Եկեք ծանոթանանք. մեր հայրենակից, լուսանկարիչ Գևորգ Գահվեճյանը Երուսաղեմի Հին Քաղաքում տեղակայված «Elia Photo-Service» լուսանկարչատան սեփականատերն է: Ինչպես Գևորգն է պատմում, ներկայումս իր լուսանկարչատանը առկա է մոտ 3,500 եզակի պատմական լուսանկարների հավաքածու, որոնք թվագրվում են 19-րդ դարի 60-ական թվականներից սկսած:
Ընտանեկան այս գործը հիմնել է իր հայրը, Եղիա Գահվեճյանը, որը ծնունդով Արևմտյան Հայաստանից էր՝ հայոց ցեղասպանությունը վերապրածներից: 1915-ին նա տակավին յոթ տարեկան է եղել, երբ իրենց ընտանիքը տեղահանվել է հարազատ օջախից և գաղթի ճանապարհին ողջ ընտանիքից միայն ինքն է մնացել կենդանի: Եղիան փրկվել է՝ հայտնվելով Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի որբանացում, և հենց այնտեղ էլ Նազարեթի որբանացի ազգությամբ հայ աշխատակիցներից մեկը Եղիային սովորեցնում է լուսանկարչական արվեստի հիմունքերը, որն էլ դառնալու էր իր կյանքի գործը:
1924-ին Եղիան բացում է Երուսաղեմում «Elia Photo-Service» ֆոտոսրահը, որը հաջողությամբ գործում է մինչ օրս: Հոր գործը շարունակեց Եղիայի որդին, Գևորգ Գահվեճյանը, որը 1998-ին հրատարակեց նաև արխիվային լուսանկարների մի ժողովածու, և հիմա արդեն Գևորգի որդին է շարունակում իր պապի կողմից հիմնադրված ընտանեկան լուսանկարչական դինաստիայի ավանդույթները»: