Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացման իրավական և քաղաքական հիմքեր չի տեսնում: ԱԺ փոխնախագահն այս մասին ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն ընթացիկ տարվա ընթացքում արտահերթ ընտրություններ անցկացնելու հավանականության մասին: «Ես այս պահին դրա հետ կապված պատրաստ չեմ պատասխան տալ: Եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, մեր երկրում 5 ամիսը մեկ կարող է քաղաքական իրավիճակ փոխվել, և մենք ստիպված լինենք ամեն անգամ արտահերթ ընտրություններ անցկացնել: Կքննարկենք, կտեսնենք: Ամեն ինչի համար պետք է լինի քաղաքական և իրավական հիմնավորում: Ես այս պահին դա չեմ տեսնում»,- ասաց Շարմազանովը:
Ազգային ժողովի փոխնախագահն արձանագրեց, որ խորհրդարանում մեծամասնություն կազմող ՀՀԿ-ն ընդդիմություն է Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, սակայն հավելեց, որ գոտկատեղից ներքև հարվածներ չեն պատրաստվում հասցնել: Շարմազանովն ընդգծեց, որ իրենք լինելու են կառուցողական ընդդիմություն: «Մենք գործելու ենք բացառապես Հայաստանի ժողովրդի շահերից ելնելով»,- ընդգծեց Շարմազանովը:
Անդրադառնալով ռեյտինգային ընտրակարգը վերացնելու մասին խոսակցություններին՝ Շարմազանովն ընդգծեց, որ շարունակում է մնալ այն կարծիքին, որ այդ ընտրակարգը խոչընդոտ չի հանդիսացել: «Ես այն մարդկանցից չեմ, ով էյֆորիկ ճնշումների տակ փոխում է իր կարծիքը: Բայց կարծիք փոխելը կախված է նաև շատ բաներից: Կտեսնենք, թե ինչ տեսքով կգա Ընտրական օրենսգիրքը, կքննարկենք, մենք պատրաստ ենք»,- ասաց նա: