Երգիչ Սարգիս Ավետիսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Օր օրի» երգի հիման վրա: Նոր աշխատանքը համարվում է «Երևի» հեռուստասերիալի սաունդթրեքը, որտեղ նկարահանվում է Սարգիսը՝ մարմնավորելով գլխավոր հերոսին:
Life.panorama.am-ի հետ զրույցում Սարգիս Ավետիսյանի պրոդյուսերը՝ Արսեն Աղամիրյանը պատմել է ոչ միայն նոր տեսահոլովակի մանրամասների, այլև հեռուստասերիալում Սարգիսի մասնակցության մասին:
««Օր օրի» երգի երաժշտության հեղինակը Ռազմիկ Ամյանն է, ում հետ շատ մտերիմ է Սարգիսը: Երբ սկսվեցին սերիալի նկարահանումները, ինքս հայտնեցի նրան, որ Սարգիսը նաև սաունդթրեքը պետք է երգի, դե իսկ Ռազմիկն էլ ասաց, որ անձամբ երգը կգրի. Կարծում եմ՝ գեղեցիկ սիրո մասին Ռազմիկ Ամյանից լավ ոչ մեկ չի կարող գրել, իսկ մեզ պետք էր հենց գեղեցիկ սեր նկարագրել, առանց լացի ու կորուստների: Խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է, իսկ գործիքավորումն իրականացրել է «Duetro studia»-ն՝ ի դեմս Էդգար Ալեքսանյանի»:
Տեսահոլովակում բացի հեռուստասերիալից օգտագործված կադրերից, կան նաև Թբիլիսիից արված կադրեր:
«Նախ ասեմ, որ գուցե քչերը գիտեն, բայց Էդգար Ալեքսանյանը նաև տեսահոլովակներ է նկարահանում, հենց նա էլ զբաղվել է այս տեսահոլովակով: Նկարահանումներն իրականացրել ենք Թբիլիսիում, իսկ սերիալից արված կադրերի հեղինակը, բնականաբար, հեռուստասերիալի ռեժիսոր Վահե Սայանին են պատկանոււմ»,- պատմեց պրոդյուսերը:
Անդրադառնալով «Երևի» սերիալում Սարգիս Աավետիսյանի խաղին՝ Արսեն Աղամիրյանը նշեց.
«Սարգիսն այս դաշտում արդեն լիովին ինտեգրվել է, աշխատում է հիանալի թիմում: Պարզապես նկարահանումներից առաջ մենք չէինք պատկերացնում ծանրաբեռնվածության աստիճանն ու դժավրությունները: Իսկապես մեծ աշխատանք է տարվում, որպեսզի կարողանա ճիշտ համատեղել երգն ու դերասանական աշխատանքը: Իհարկե, Սարգիսի համար առաջնայինը երգն է, նա երբեք չի թողնի, որ որևէ բան խանգարի իր երգարվեստին»:
Հարցին, թե դժվարությունները տեսնելով՝ ապագայում Սարգիսը կընդունի՞ նոր առաջարկները, պատասխանեց.
««Երևի» հեռուստասերիալը կշարունակվի մինչև 2019 թվական, իսկ հետո չգիտեմ, թե ինչպես կլինի: Կարծում եմ՝ երկարատև սերիալներում Սարգիսը այլևս չի համաձայնի խաղալ, բայց ամեն դեպքում յուրաքանչյուր լավ առաջարկ կքննարկվի և գուցեև համաձայնեցվի»: