lragir.am-ը գրում է. «Ադրբեջանը պետք է գիտակցի, որ առանց Լեռնային Ղարաբաղի անմիջական մասնակցության հնարավոր չի լինի ամուր խաղաղության հասնել, հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Նրա խոսքով, իրողություններ են փոխվել, եւ դա ենթադրում է Արցախի ավելի մեծ մասնակցություն բանակցային գործընթացին:
Հիշեցնենք, որ միջնորդները բազմիցս հայտարարել են, որ բանակցությունների այն փուլում, երբ կհամաձայնեցվի ղարաբաղյան կարգավորման ծրագիրը եւ հարկ կլինի քննարկել դետալները, Ստեփանակերտի մասնակցությունը բանակցություններին անխուսափելի կլինի: Այժմ Հայաստանը հայտարարում է, որ իրողությունները փոխվել են, եւ եկել է Ղարաբաղը բանակցությունների սեղան վերադարձնելու պահը: Ի՞նչ նկատի ունի Հայաստանի ԱԳՆ-ն:
Այն, որ Հայաստանում իշխանություն է փոխվել, նախկին պայմանավորվածությունները զրոյացվե՞լ են եւ պետք է նոր կետի՞ց սկսել: Ի՞նչ կետի մասին է խոսքը: Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, օրինակ, հիշեցնում է 1994-95 թթ. հրադադարի համաձայնագրի մասին, երբ Ադրբեջանը ստիպված էր Ստեփանակերտի հետ բանակցել հրադադարի շուրջ: Թե՞ Տիգրան Բալայանը նկատի ունի այլ իրողությունների փոփոխություն: Օրինակ, Ադրբեջանը կարող է սկզբունքային համաձայնություն տալ միջնորդների պլանին եւ անգամ սահմանին մոնիտորինգի մեխանիզմների տեղադրմանը: Նման համաձայնության պարագայում հայկական կողմը պետք է կատարի իր «պարտավորությունները», որը զորքերի դուրսբերումն է եւ մի շարք այլ հակազգային քայլեր:
Օրերս Նախիջեւանի հետ սահմանին էին Հայաստանի պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարներ Դավիթ Տոնոյանն ու Զոհրաբ Մնացականյանը: Հետո նրանք եղան Արցախում, բայց Նախիջեւանի սահման այցը կարեւոր «ազդանշան» էր, որը լսել են ոչ միայն Բաքվում»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: