Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավորՄիհրան Պողոսյանն անդրադարձել է ապրիլի 21-ին Ուլնեցի փողոցում հավաքի մասնակիցների նկատմամբ բռնություն կիրառելու քրեական գործով իր օգնականին ձերբակալելու որոշմանը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նա հույս հայտնեց, որ իրավապահ մարմիններն անաչառ քննություն կիրականացնեն և արագ կպարզեն իրողությունը:
«Ես հորդորում եմ համապատասխան մարմիններին, որ զերծ մնան քայլերից, որոնք հիմք չեն ունենա: Ի վերջո, ամեն ինչ պարզվելու է, ամեն ինչ ճշտվելու է: Ես հորդորում եմ սպասել մեկ-երկու օր, երբ մենք կունենանք որոշակի ավելի տեղեկատվություն և կհասկանանք, թե ինչ է իրականում տեղի ունեցել»,- ասաց նա:
Միհրան Պողոսյանը համոզմունք հայտնեց, որ իր օգնականը հավաքի մասնակիցների նկատմամբ բռնություն չի կիրառել, սակայն հավելեց, որ չի կարող հայտարարել կամ երաշխավորել, թե նման բան չի եղել, քանի որ դրա համար կան համապատասխան մարմիններ: «… Ես հորդորում եմ համապատասխան մարմիններին, որպեսզի լինեն պրոֆեսիոնալ գործի քննության ընթացքում»,- ասաց նա:
Պատգամավորը բացառեց տարբերակը, որ իր օգնականը կհայտարարի, թե իր կողմից հրահանգ է ստացել՝ վստահեցնելով, որ նման բան չի եղել: