ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018 թվականի մայիսի 23-ի նիստում քննարկել է «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու մասին հարցը: Այս մասին տեղեկացրին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով վերը
նշված հարցը, որոշել է «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Մատակարար) կողմից մի շարք բաժանորդների առևտրային հաշվառքի սարքերի ապահավաքակցման և ստուգաչափման գործընթացը հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի № 378-Ն որոշմամբ սահմանված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման(կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների պահանջների խախտմամբ իրականացնելու համար «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը տուգանել 5 մլն ՀՀ դրամ գումարի չափով։
Միևնույն ժամանակ Ընկերությանը հանձնարարվել է երկամսյա ժամկետում ճշգրտել կանոնների խախտմամբ իրականացված վերահաշվարկները և վերադարձնել բաժանորդներից գանձված չհիմնավորված գումարները։
Նույն ժամկետում Ընկերությունը պարտավոր է ուսումնասիրել և Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման, տեղակայման և ստուգաչափման կարգի ու ժամկետների խախտման բոլոր դեպքերի համար բաժանորդներին վճարել համապատասխան տուժանքներ։