Փաստաբան Տիգրան Աթանեսյանի հրապարակումը.
«Սույն թվականի մայիսի 5-ին Երևանի Հյուսիսային պողոտայում առևանգել են 2 տարեկան երեխայի՝ իր տատիկի հետ զբոսնելուց: 18 օր է ՀՀ իրավապահ մարմինները, գլխավորապես ՀՀ ոստիկանությունը ոչինչ չի անում այդ երեխային գտնելու և մորը վերադարձնելու համար: Ինչ է, ենթադրվում է, որ երեխային առևանգել է հայրը, ումից մայրը փաստացի բաժանվել է:
Պետական ոչ մի մարմին ոչինչ չի անում, իսկ երեխան, ով ունի բնածին արատներ, պարզ չէ թե որտեղ է: Հայտնի է միայն, որ հայրը փորձել է տեղափոխել Հայաստանից դուրս: Պետական մարմինների կատարյալ անտարբերությունը, միայն թուղթ լրացնելը պարզապես ապշեցուցիչ է:
Չեմ հասկանում, անպայման պետք է գան ոստիկանության գլխավոր մուտքը փակեն, որ վերջապես ոստիկանությունը իրար գա՞… Թե պետք է քրեական գործ հարուցվի ոստիկանների անգործության պատճառով:
Իսկ եթե երեխային մի բան պատահի, էլի արդարանալու եք ձեր կազմած անիմաստ և անբովանդակ թղթերով՞:
Մի երեխա չեք կարում գտնեք, ուր մնաց լուրջ հանցագործ գտնեք:
Ասեմ, որ հարցի իրավական կողմը ամբողջությամբ ապահովված է, մնում երևի բենզինի չեկ տա մայրը ոստիկաններին…»: