ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մայիսի 23-ից սկսել է ակտիվ գործողությունները՝ կոռուպցիոն շղթաներով հարստացած անձանց բացահայտումների առնչությամբ: Այս մասին հայտարարեց ԱԱԾ տնօրենը մայիսի 24-ին կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում: Նա նշեց, որ առաջիկա օրերին կլինեն հրապարակումներ: «Նախնական օպերատիվ տվյալները հաստատվել են: Կան հրավիրված, բերման ենթարկված անձինք, աշխատանքները կատարվում են, և առաջիկա օրերին հանրությունը կտեղեկացվի: Բարդ և մեծածավալ աշխատանք է, ու պետք է այնպես անենք, որ ոչ մեկի մոտ հարցերի տեղիք չտա այդ աշխատանքը, կարվի պրոֆեսիոնալ մակարդակով»,- նշել է Վանեցյանը:
Նա չպատասխանեց հարցին՝ արդյոք բացահայտումներում կհնչեն բարձրաստիճան պաշտոնյաների անուններ:
Ինչ վերաբերում է մամուլում տարածված տեղեկությանը, թե նյութեր են նախատրաստվում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի դեմ, ԱԱԾ տնօրենը նշեց. «Նման բան չունենք, որ այս կամ այն պաշտոնյայի՝ Տարոն Մարգարյանի կամ այլ անձի նկատմամբ նպատակային նյութեր են նախապատրաստվում: Մենք նպատակային նյութեր ոչ մեկի նկատմամբ չենք նախապատրաստում: Կատարում ենք մեր աշխատանքը, և եթե աշխատանքի ընթացքում հայտնի են դառնում տվյալներ, որոնք վկայում են այս կամ այն անձի անօրինական գործունեության մասին, կատարում եք օրենքով վերապահված գործառույթները»,-ասաց Վանեցյանը:
Ազգային անվտանգության ծառայությունն իրականացնում է աշխատանք՝ կոռուպցիոն շղթաների հայտնաբերման ուղղությամբ։ Մայիսի 19-ին լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանն այս մասին ասել էր Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ խոստանալով կարճ ժամանակում հասարակությանն ականատես դարձնել խոշոր կոռուպցիոն սխեմաներով հարստացած մարդկանց հայտնաբերման և օրենքի ուժով պատասխանատվության ենթարկման: Նա ընդգծել էր, որ ապօրինի հարստացած մարդիկ պետք է վերադարձնեն գումարները պետական բյուջե: ԱԱԾ տնօրենը նաև հայտարարել է, որ ներքաղաքական փոփոխություններից հետո ավանդականորեն կոռումպացված համարվող հիմնարկներն ամբողջությամբ դադարեցրել են հակաօրինական գործունեությունը` մանրամասնելով, որ խոսքը մաքսային, հարկային, դատական, ոստիկանության որոշ ստորաբաժանումների մասին է: Նրա խոսքով՝ Հայաստանում մոտ 350 մարդ կա, որոնք տեղյակ չեն, որ իրենց անունով գրանցված է կազմակերպություն, որն իրականացնում է տնեսական գործունեություն և չի վճարում հարկեր: Նրանք տեղյակ չեն, ծանր սոցիալական վիճակում գտնվող մարդիկ են, որոնցից անձնագրերը վերցրել են 5, 10, 20 հազար դրամով և նրանց անունով գրանցել են անհատ ձեռնարկություններ, ԱՊԸ-ներ և այլն: