Ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե ինչ մեթոդներով ու հնարքներով հնարավոր դարձավ իշխանափոխությունը Հայաստանում: Խայտառակ իրավիճակը, որը, մի կողմից, ցուցարարների «դուխով» լինելու, իսկ մյուս կողմից՝ ոստիկանության թողտվության հետևանք էր, չի կարող հիմք ծառայել, այսպես ասած, հակահեղափոխականների գործողությունների կապակցությամբ շինծու գործեր հարուցելու համար:
Էլ ո՞նց կլինի, Նիկոլն ասել է` հայտնաբերեք ցուցարարների ավտոմեքենաները վնասողներին և դատեք: Իսկ ո՞վ պետք է դատի 3-5 տարեկան երեխայի ականջի տակ սիգնալ տվող ցուցարարներին, ո՞վ պետք է դատի «անպատժելիության» քարտ բլանշ ստացած փողոց փակողներին, որոնց պատճառով հիվանդ, ծեր, հղի, օդակայան շտապող քաղաքացիներ ժամերով մնացել են փողոցներում, ո՞վ պետք է դատի այն անասուններին, որոնք մանկասայլակներով կանանց հանել են ոստիկանության ու կարմիրբերետավորների շարքերի դեմ: Ո՞վ պետք է դատի պարոն Օսիպյանին, որ ոստիկանապետ է դարձել միայն այն բանի համար, որ կատարյալ անգործություն է ցուցաբերել:
Օսիպյանը մեղք չունի՞, որ չի կարողացել խոչընդոտել այն բախումներին, որոնց ժամանակ, վախ, վախ, վախ, ցուցարարների մեքենաներ են վնասվել: Հիմա սա ի՞նչ միակողմանի մոտեցում է: Ի՞նչ տրամաբանությամբ եք փորձում քրեական գործ հարուցել այն երիտասարդի դեմ, ով խնդրել է ճանապարհը բացել, որովհետև տեղ է շտապում, կամ մեքենայի մեջ հղի կին կա, ու չեն բացել ճանապարհը: Լավ է արել, եթե ջարդել ու վնասել է այդ բիրդան ցուցարարի ավտոմեքենան: Ասում եք՝ վիճակը հեղափոխական է եղել, ժողովրդին նեղություն է պատճառվել: Նեղություն պատճառողը չգիտի՞, որ «մեծ գործերը» մեծ զոհեր են պահանջում:
Գնացեք, ինքներդ էլ քաշեք ձեր վնասները, ինչո՞ւ պետք է քաղաքացին դատվի ձեր պատճառած նեղության համար: Նման գործերի հարուցումը ոչ այլ ինչ է, եթե ոչ հաշվեհարդար այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր ընդհանրապես կապ չունեն այս քաղաքական ֆարսի հետ, որի անունը, չգիտես ինչու, հեղափոխություն են դրել: Ավելին ասեմ՝ քննություն պետք է սկսել՝ պարզելու համար այս ամեն ինչի խորքը, որի մասին հասարակ ժողովուրդը, այդ թվում և հարյուր հազարավոր ցուցարարներ, բառացիորեն պատկերացում չունեն:
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում