Կազմվել է արձակուրդի ընթացքում զբոսաշրջիկների մահվան ամենատարածված պատճառների վարկանիշը:
Այս մասին հայտնել է South China Morning Post-ը: Վարկանիշը գլխավորել են ճանապարհային միջադեպերը, որոնց ժամանակ ճանապարհորդներն ամենից հաճախ զոհվում են անվտանգության չամրացված գոտու պատճառով:
Երկրորդ հորիզոնականն զբաղեցրել են թմրանյութերը: Վերջին տվյալներով՝ Միայն Հնդկաստանի Գոա հանրաճանաչ առողջավայրում վերջին 12 տարում թմրադեղերից մահացել է 245 օտարերկրացի: Հանգստի ընթացքում մահվան հաջորդ տարածված պատճառ են նշել խեղդվելը: Ինչպես նշել է աղբյուրը, ճանապարհորդները հաճախ կարծել են, թե «գերունակություններ ունեն», և իրենց դժբախտ պատահարներ չեն սպառնում:
Մինչդեռ Չինաստանում 2017 թվականին 700 զոհված զբոսաշրջիկների ավելի քան մեկ երրորդը ջրահեղձ է եղել: Ալկոհոլը նույնպես հաճախ մահացու վախճանով միջադեպերի պատճառ է դարձել: Օրինակ, Իսպանիայում մեծ թվով հանգստացողներ են զոհվել այն բանից հետո, երբ մարդիկ փորձել են անսթափ վիճակում պատշգամբից լողավազան թռչել: Հինգերորդ տեղն զբաղեցրել են կենդանիների հետ մահացու միջադեպերը, որոնց թվում են օձերը, շները, գետաձիերը, շնաձկները, փղերը և մալարիա տարածող մոծակները: Վարկանիշը եզրափակել է զբոսաշրջիկների շրջանում հայտնի զբաղմունքը՝ սելֆին: