Այսօր՝ մայիսի 25-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեել Արմավիրի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Վաղարշապատ քաղաքի սկզբնամասում՝ Մաշտոցի փողոցում, բախվել են Opel մակնիշի 35 LZ 541 համարանիշի, KIA մակնիշի 41 VZ 001 համարանիշի, Opel մակնիշի 35 ՏF 250 համարանիշի և Mercedes մակնիշի 77 RO 101 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել վաշտի հրամանատար Տ. Գրիգորյանը։ Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: