Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի ռեակտորի և թիվ 3 տուրբոագրեգատի՝ երկու ամսով կանգնեցումը որևէ խնդիր չի առաջացնի երկրում անխափան էներգամատակարարման համար: ՀԱԷԿ-ում շրջայցի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը: «Միանշանակ սակագնի վրա չի ազդելու, կանգնեցվելուն զուգահեռ ունենք համապատասխան գրաֆիկ, թե ինչ ռեժիմով ենք էլեկտրամատակարարումն ապահովելու: Աշխատելու են Հրազդանի 5-րդ բլոկը, Երևանի ՋԷԿ-ը, որևէ խնդիր չենք ունենա անխափան էներգամատակարարման համար»,- ասաց նախարարը:
Նա նշեց, որ հունիսի 1-ից մեկնարկող երկրորդ էներգաբլոկի պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքների նախապատրաստական աշխատանքներն իրականացվել են ռուսական կողմից։ «Անհրաժեշտ բոլոր սարքավորումները ներկրված են, այս պահին որևէ խնդիր չունենք, դրանք ամբողջությամբ գտնվում են ատոմակայանում: Մայիսի 31-ի գիշերը և հունիսի 1-ի առավոտյան ատոմակայանը կկանգնեցվի ու կսկսվեն վերակառուցման աշխատանքները»,- ասաց նախարարը: Արթուր Գրիգորյանը նշեց, որ ատոմակայանն ամբողջ ցիկլով կգործարկվի այս տարվա դեկտեմբերից: